7 հունիսի 2006 - 20:02 AMT
Վ. Օսկանյան. Եվրոպական խորհրդարանը կարեւոր դեր է խաղում ՀՀ-ԵՄ երկխոսության խորացման գործում
Այսօր Երեւանում կայացել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ու Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթի հանդիպումը, որը Հայաստանում է գտնվում Բիզնեսի եւ պառլամենտի միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Եվրոպայի խորհրդարանի եւ Հայաստանի խորհրդարանականների երկկողմ շփումների սերտացումը եւ ակտիվ համագործակցությունը` անդրադառնալով, մասնավորապես, ապրիլին Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստի աշխատանքներին: Նախարար Օսկանյանը կարեւորեց Եվրոպական խորհրդարանի դերակատարումը ՀՀ-ԵՄ երկխոսության խորացման գործում: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: