2 հոկտեմբերի 2014 - 17:27 AMT
Ցեղասպանության մասին գրքի հրատարակմանն ընդառաջ Բրիտանիայի ԱԳՆ-ն շտապել է հրապարակել այնտեղ զետեղված փաստաթղթերը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը սեպտեմբերի 30-ին հրապարակել է «Հայկական ջարդերը և ՄԹ քաղաքականությունը» փաստաթղթերի ժողովածուն: Հրապարակված 54 փաստաթուղթը ներառում է 2009 թ. ապրիլի 14-ից 2014-ի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածը: Դրանք հիմնականում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ տարբեր բաժանմունքների կողմից գրված նամակներ են բրիտանացի նախարարներին և պատգամավորներին, ասվում է ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի կայքում: Ընդ որում նշվում է, որ ժողովածուն չի ընդգրկում Հայոց ցեղասպանության թեմային առնչվող բոլոր փաստաթղթերը, քանի որ, ըստ բրիտանական օրենքների, պետական մարմինները չեն կարող հրապարակել այն փաստաթղթերը, որոնց բովանդակությունը կարող է վնասել երկրի արտաքին քաղաքականությանը, կամ նյութեր, որոնք արդեն հրպարակվել են:

Ասվում է նաև, որ հոկտեմբերի 1-ին Ավստրալիայում, հոկտեմբերի 7-ին Կանադայում և ԱՄՆ-ում և հոկտեմբերի 16-ին Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի Ջեֆրի Ռոբերտսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» գիրքը, որտեղ ամփոփվել են Ռոբերտսոնի հետազոտության արդյունքները, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ փաստաթղթերի մասով: Իր գրքում Ռոբերտսոնը նաև արծարծում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության երեսպաշտական բնույթը ինչպես Բրիտանիայում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում:

Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սևան Արթինը, Ջեֆրի Ռոբերտսոնի գիրքը չէր կարող վրիպել բրիտանական ԱԳՆ ուշադրությունից, որը շտապեց նախապես հրապարակել Ռոբերտսոնին ավելի վաղ փոխանցված և նրա գրքում տեղ գտած փաստաթղթերը՝ դրանով իսկ փորձելով մի փոքր արդարանալ: «Ջեֆրի Ռոբերտսոնը հենց մեր խնդրանքով է ուսումնասիրել Լոնդոնի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում նոր տվյալների հիման վրա: Մենք նաև գրքի 1000 նմուշ ենք գնել քաղաքական, լրատվական և այլ շրջանակներում տարածելու համար: Մենք նաև գրքի շնորհանդես ենք անցկացնելու Մեծ Բրիտանիայի խորհրդարանում»,-ասել է նա:

2009 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը իրավաբանական եզրակացություն ներկայացրեց «Իսկ եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» թեմայով և այդ թեմային առնչվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ և Ազգերի համագործակցության փաստաթղթերը: Ռոբերտսոնը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց ինչպես զեկույցի նախապատմությունը, այնպես էլ հիմնական շեշտադրումները: Նշվեց, որ ինքը համաձայնվել է պատրաստել մասնագիտական զեկույց Հայոց ցեղասպանության վերաբերյալ միայն այն պայմանով, որ զեկույցում կներառվեն բոլոր փաստերը, որոնք ի հայտ կգան արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև իր սեփական եզրակացությունները: Եվ երկրորդ պայմանը՝ ինքը Ռոբերտսոնը պետք է անկախ լինի արդյունքները ներկայացնելու հարցում:

Ռոբերտսոնը հատուկ նշեց, որ նախկինում չի անդրադարձել հայկական և թուրքական խնդիրներին, այնպես որ զուրկ է ավելորդ զգացմունքայնությունից, լինելով անաչառ ու շեշտը դնելով բացառապես հարցի իրավաբանական կողմի վրա: Ըստ նրա, ունենալով թագուհու խորհրդականի տիտղոսն ու հեղինակավոր մասնագետի անուն, նա կրկին մեղադրում է Մեծ Բրիտանիայի կառավարությանն առանց անհրաժեշտ փաստերի Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ինչպես նաև քրիստոնյա հանրությանը գիտակցաբար մոլորեցնելու համար: Նշվել է, որ եթե 1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը մեր օրերում կատարվեր, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դա կորակեր ցեղասպանություն, քանի որ այդ երևույթի բոլոր հատկանիշները արտացոլված են Ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայում: Ասվել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության փաստը ժխտելու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը ոչ մի հիմք չի ունեցել և չունի: Ժխտումը պայմանավորված է եղել բացառապես քաղաքական, առևտրային ու ռազմավարական նկատառումներով: