2 հոկտեմբերի 2014 - 18:15 AMT
Ադրբեջանական խավիարի «հմայքը» Եվրոպայի համար. Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցողն է սկանդալային Ռոբերտ Ուոլթերը

Մեծ Բրիտանիայից պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Լեռնային Ղարաբաղի գծով Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող է նշանակվել: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 35 խորհրդարանական, դեմ՝ 32-ը, երեքը ձեռնպահ են մնացել:

Ռոբերտ Ուոլթերը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նա ակտիվորեն քարոզում էր ԵԽԽՎ-ում «Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում բռնության աճի մասին» զեկույցի ընդունումը: Նա ձախողեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը ԵԽԽՎ-ում:

Ավելին, 2013-ին Ուոլթերը գլխավորել է ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն Ադրբեջանի նախագահական ընտրություններում՝ գնահատելով դրանք որպես թափանցիկ ու արդար: Այն ժամանակ նա հայտարարեց, որ Իլհամ Ալիևը հաղթել է ընտրություններում, հավաքելով ձայների մեծամասնությունը. «Մենք մասնակցել ենք ձայների հաշվառման գործընթացին և ոչ մի իրավախախտում չենք տեսել: Նա նշել է, որ քվեարկության արդյունքների ընդունումը կամ չընդունումը պարտված թեկնածուների կողմից քաղաքական հարց է և այդ հարցը նրանց է պետք ուղղել: «Ինչպես կարող է ընդդիմությունն ասել, թե մեր հայտարարությունը հիմնավորված չէ: Ես գիտեմ, որ Ադրբեջանում ոմանք քննադատում են ԵԽԽՎ գործունեությունը: ԵԽԽՎ-ում ներկայացված են պատգամավորներ Եվրոպայի տարբեր երկրներից, նրանք ազատ քննարկումներ են անցկացնում, որոշումներ են ընդունում, զեկույցներ: Ես կարծում եմ, որ այս ընտրությունները քայլ առաջ էին: Մենք եկել ենք Ադրբեջան օգնելու ժողովրդավարական Ադրբեջանին, ոչ թե մեղադրելու համար»,-ասել էր Ուոլթերը:

Ավելի ուշ ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրեց Ադրբեջանի իշխանություններին ԵԽԽՎ առաքելության անդամներին կաշառելու մեջ: Ըստ նրա, առաքելության անդամների հետ բանակցությունները ընթացել են Ստրասբուրգի Hilton հյուրանոցում: ԵԽ-ն այդ մեղադրանքներին չարձագանքեց:

Ինչպես հայտնի է Ադրբեջանում ընտրությունների դրական գնահատականը ԵԽԽՎ կողմից քննադատության ենթարկվեց ԱՄՆ կողմից: Քննադատությունը հնչել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործող ղեկավար Քրիսթոֆեր Մադուրոյի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին հասցեագրված հայտարարության մեջ: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լուրջ խնդիրներ է բացահայտել ընտրությունների բոլոր փուլերում՝ ներառյալ քվեարկության օրը և պարզել է, որ տեղ է գտնել արտահայտությունների, հավաքների ու միավորումների ազատության սահմանափակում: Միևնույն ժամանակ մենք զարմացած ենք, որ ԵԽԽՎ առաքելությունը հայտարարել է, թե ընտրություններն եղել են ազատ ու թափանցիկ, ներառյալ քվեարկության օրը»,-ասվում է նամակում: Ավելի ուշ Քրիսթոֆեր Մադուրոն հղում կատարեց Պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հարֆի հայտարարությանը, որը հոկտեմբերի 10-ին հավանություն էր հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականներին ու մտահոգություն տեղ գտած խախտումների վերաբերյալ:Մադուրոն նաև նշել է, որ ԱՄՆ-ն վերջերս է որպես լիիրավ անդամ անդամակցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և հուսով է, որ ակտիվ համագործակցություն կհաստատվի մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական կառավարման ոլորտում այդ կարևոր ինստիտուտի օգնությամբ:«Միացյալ Նահանգները հավատում են, որ ԵԱՀԿ-ն ու Եվրոպայի խորհուրդը հսկայական դերակատարություն ունեն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման գործում»,-ասվում է նամակում:

2012-ի մայիսին ոչ առևտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպությունը հրապարակեց սկանդալային «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանին բարեկամաբար տրամադրված ԵԽ անդամները աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ փոխարենը Բաքվից ստանալով ձկնկիթ, մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթե զարդեր և այլ շռայլ նվերներ:

Աշխատության մեջ մանրամասն շարադրված է ԵԽԽՎ պատգամավորների կաշառման մեխանիզմն ու ժամանակացույցը: Մասնավորապես, ասվում է, որ շռայլ նվերների մատուցումն ադրբեջանական ավանդույթի մաս է կազմում, ինչպես նաև այն ակնկալիքը, որ դրա դիմաց մի օր կհատուցվի:

Այս տրամաբանությամբ էլ, որն ադրբեջանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում կոչում են «խավիարային քաղաքականություն», նրանք գործում են: Ամեն ինչ սկսվեց, երբ Ադրբեջանը 2001-ին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ 2005-ին, երբ ավարտվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու գանձարանը նավթադոլարներ սկսեց ստանալ, «խավիարային քաղաքականությունը» գործարկվեց արդեն ամբողջ թափով:

«Խավիարի 1 կգ արժեքը 1300-1400 եվրո է: ԵԽԽՎ-ում մեր բարեկամներից յուրաքանչյուրը տարին 4 անգամ առնվազն 0,4-0,6 կգ խավիար է ստանում: Խավիար ստացող երկրի հիմնական բարեկամները 10-12 են: Եվս 3-4-ը կան քարտուղարությունում: ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանին միշտ խավիար է նվիրաբերվում: Սակայն Բաքու այցելությունների ժամանակ նվիրաբերվում են նաև շատ այլ բաներ: Պատգամավորներից շատերը հաճախ հրավիրվում են Ադրբեջան, նրանց այցերը շռայլորեն են վարձատրվում:

Սովորական տարիներին հրավիրվում է առնվազն 30-40 մարդ, ոմանք՝ բազում անգամներ: Խորհրդարանականներին հրավիրում են խորհրդաժողովների, միջոցառումների, ամառային արձակուրդն Ադրբեջանում անցկացնելու: Արձակուրդը ենթադրում է նաև բազում թանկարժեք նվերներ, հիմնականում մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, խմիչք, խավիար ու փող: Բաքվում սովորական նվեր է համարվում 2 կգ խավիարը»,-հայտարարեց այն ժամանակ աղբյուրը վերլուծական կենտրոնում:

Photo: Trend