3 հոկտեմբերի 2014 - 16:21 AMT
Գերմանիայի դեսպան. ՀՀ ու ԵՄ հետագա գործակցության ուղենիշները կախված են Մինսկում կայանալիք հանդիպումից

ԵՄ-ի և Հայաստանի հետագա գործակցության ուղենիշները պարզ կդառնան հոկտեմբերի 10-ին` Մինսկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, երբ Հայաստանը հնարավոր է՝ արդեն անդամակցած կլինի Մաքսային միությանը, իսկ նոյեմբերին Բրյուսելում կկայանա կարևոր հանդիպում Հայաստան-ԵՄ մակարդակով: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

«Երկու կողմն էլ երկխոսության մեջ է, և այդ երկխոսությունը չի ընդհատվել, թեև շփումները նախկինի նման հարուստ չեն եղել: Մոտ ապագայում՝ նոյեմբերին, Բրյուսելում նախատեսված է հանդիպում Եվրամիության և հայկական պատվիրակության միջև: Կշարունակվեն բանակցությունները, կհստակեցվեն որոշ հարցեր, մանավանդ, որ Մինսկում արդեն կայացած հանդիպումից հետո, երբ Հայաստանը հնարավոր է՝ արդեն անդամակցած կլինի Մաքսային միությանը: Եվ եթե արդեն Մինսկում այդ փաստաթուղթը ստորագրված լինի, արդեն նոյեմբերին պարզ կլինեն ԵՄ-ի և Հայաստանի հետագա գործակցության ուղենիշները»,-նշել է դեսպանը:

Թե ինչ կբխի դրանից, ձևի առումով դեսպան Մորելը այնքան էլ չի կարևորում, որքան շփումներն ու երկխոսությունը այն հարցերի շուրջ, թե ինչ է հնարավոր անել, ինչ՝ ոչ,գրում է Tert.am-ը:

Ռայներ Մորելը նկատել է, որ ԵՄ-ն սպասում է` Հայաստանը պարզաբանի, թե ինչպես է ուզում կամ կարող է շարժվել առաջ.

«Միայն դրանից հետո կարելի է կրկին խոսել այն հարցերի շուրջ` ինչպես կարելի է այդ հարաբերությունները որոշակի ձևաչափի մեջ դնել »,-պարզաբանել է դեսպանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, թե ավարտվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման գործընթացը, ակտիվորեն երկխսություն է տարվում Ղրղըզստանի հետ:

«Միաժամանակ, մենք կցանկանայինք, որ Եվրասիական տնտեսական միությունը սերտ կապեր հաստատեր ինտեգրացիոն այլ կառույցների հետ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Նման փոխգործակցությունը կայունություն կավելացներ գլոբալ տնտեսությանը: Եվ իհարկե, նման երկխոսությունը հատկապես կարևոր է Եվրամիության հետ, որը մեր առաջատար առևտրային գործընկերն է»,- հավելել է նախագահը:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Եվրասիական տնտեսական կոմիտեի անդամ Սերգեյ Ռումասը հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Մինսկում:

«Մինսկի գագաթաժողովը կտա բելառուսական կողմին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները: Բելառուսը պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը... Այն պետք է ստորագրվի», - ասել է նա:

ԱՊՀ ու ԵՏՄ գագաթաժողովը տեղի կունենա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Մինսկում:

Հոկտեմբերի 2-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին: Հոկտեմբերի 1-ին պայմաանգիրը վավերացրեց Ռուսաստանի Դաշնության խորհուրդը: Սենատորները վավերացման մասին որոշումը միաձայն կայացրեցին՝ կողմ քվեարկեց նիստին մասնակցող 140 խորհրդարանականները:

Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ին, Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նիստում այդ մասին հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ մարմինների և ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան:

Սեպտեմբերի սկզբին պայմանագիրն ուղարկվեց չորս երկների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների հաստատմանը: Ստորագրման օրվա մասին վերջնական որոշումը կայացնելու են չորս երկրների նախագահները: