3 հոկտեմբերի 2014 - 16:47 AMT
Մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում

2014-ի մարտից «Արմենակ և Աննա Թադեոսեաններ» բժշկական կենտրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ի օժանդակությամբ իր գործունեությունը սկսեց մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը: Կենտրոնը սպասարկում է մտավոր, ֆիզիկական, հոգեբանասոցիալական, ուսումնական և վարքագծային խնդիրներով երեխաների:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ կենտրոնում երեխաների և սպասարկող անձնակազմի համար կազմակերպել երկանգամյա սնունդ և կահավորել ննջասենյակները: Այժմ կենտրոն է հաճախում 40 երեխա. 26-ը` գյուղաբնակ, իսկ 14-ը` քաղաքաբնակ: Ընդհանուր առմամբ, 2013-2014 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կենտրոնին տրամադրելէավելի քան 23 մլն. 850 հազար դրամ:

«Մենք ուրախությամբ ենք գործակցում այս կենտրոնի հետ, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաները ստանում են անհրաժեշտ հետևողական մասնագիտական բուժում: Համոզված ենք, որ դրական տեղաշարժ և առաջընթաց կարելի է գրանցել, եթե այս երեխաները զգան մեր հոգատարությունը, ուշադրությունը և աջակցությունը, ինչն ամենակարևորն է երեխաների հետ աշխատելիս»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վերականգնողական ծառայությունները մատուցվում են թիմի` տարբեր մասնագիտությունների տեր անդամների գործակցության շնորհիվ և հնարավորություն են տալիս սահմանափակ կարողություններով երեխաներին ստանալ համակարգված` բժշկահոգեբանական և մանկավարժական օգնություն:

Կենտրոնում գործում են հետևյալ կաբինետները՝ հիդրոթերապիա, ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, լոգոպեդի խորհրդատվություն, հատուկ կարիքներով երեխաների համար մանկավարժի խորհրդատվություն և հոգեբանի խորհրդատվություն:

Բացի անհատական բուժումից, երեխաները մասնակցում են խմբային պարապմունքների, որոնք անցկացվում են հարմարավետ, գեղեցիկ կահավորված խաղասենյակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կենտրոնում ստեղծվել է նաև բացօթյա խաղահրապարակ, որտեղ երեխաներն իրենց ամբողջ ազատ ժամանակն անցկացնում են հատուկ վերապատրաստում անցած դայակների հոգատար խնամքի ներքո: