3 հոկտեմբերի 2014 - 18:01 AMT
ՖԻԴԵ-ի նախագահը ցանկանում է, որ Հայաստանը մասնակցի Բաքվում կայանալիք շախմատային մրցաշարերին

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Բաքվում հայտարարել է, որ կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականին Ադրբեջանում կայանալիք Շախմատի աշխարհի գավաթին ու շախմատային օլիմպիադային:

Ինչպես հայտնում է azerisport-ը, Իլյումժինովը հայտարարել է, որ հարցը քննարկելու է ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հոկտեմբերի 17-ին: «ՖԻԴԵ-ն մի մեծ ընտանիք է: Մենք ուզում ենք, որ Հայաստանի հավաքականը ևս մասնակցի այս մրցաշարերին: Այդ հարցի շուրջ քննարկումներ կանցկացվեն: Հայաստանի վերջին այցելության ժամանակ ես հայտարարեցի, որ իրենք պետք է մասնակցեն: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հավաքականները մասնակցեն Շախմատի աշխարհի գավաթին ու շախմատային օլիմպիադային»,-ասել է նա, հայտնում է azerisport-ը:

Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացվող մրցումներին հաճախ միջադեպերով է ուղեկցվում՝ հայ մարզիկներին, հայկական դրոշն ու օրհներգը սուլոցներով են դիմավորում, պատվիրակության անդամների անվտանգության նկատառումներով արգելում են հեռանալ հյուրանոցից: Դա առնչվել է նաև շախմատին: 2012-ին ՀՀ շախմատի հավաքանի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել Բաքվում հավակնորդների մրացաշարին և նամակ հղեց Իլյումժինովին՝ իր որոշումը հիմնավորելով երկու երկրների միջև լարված հարաբերություններով: «Պատասխանատու և կարևոր մրցաշարը հանգստություն ու հատուկ կենտրոնացում է պահանջում: Շախմատի հետ կապ չունեցող ոչ մի հանգամանք չպետք է խանգարի գրոսմայստերին ցուցադրել իր վարպետությունը: Ցավոք, այս պահի դրությամբ ոչ մի հայ չի կարող բարենպաստ կամ ադեկվատ հոգեբանական մթնոլորտ գտնել Ադրբեջանում, այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է»,-գրել է Արոնյանը: