7 հոկտեմբերի 2014 - 16:01 AMT
The Diplomat. Ղարաբաղն ու ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության խնդիրները Պուտինի աչքի փուշն են դարձել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կազմավորվող Եվրասիական միությանը ցանկանում են անդամակցել չճանաչված պետություններ՝ Մերձդնեստրը, Հարավային Օսեթիան և Դոնբասի տարածքում ձևավորվող Նովոռոսիան: Սակայն, չճանաչված պետությունների հարցերը լուծելուց առաջ Պուտինը նախ պետք է զբաղվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով, գրում է The Diplomat հանդեսը:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն արգելակեց Հայաստանի անդամակցությունը Միությանը ղարաբաղյան հակամարտության պատրվակով՝ հայտարարելով, թե պետությունները պետք է անդամակցեն ՄԱԿ ճանաչված սահմաններում: Ընդ որում Ղրիմն այդ համատեքստում չէր ենթադրվում, հիշեցնում է պարբերականը:

Նազարբաևն այն ժամանակ առաջարկեց Հայաստանին անդամակցել ԵՏՄ-ին առանց Լեռնային Ղարաբաղի, այսինքն՝ ՄԱԿ ճանաչված սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և ՌԴ նախագահները նամակ են ստացել Ադրբեջանի նախագահ Ալիևից համապատասխան խնդրանքով: Տարաձայնությունների պատճառով ՀՀ ու ԼՂՀ միջև հնարավոր մաքսակետի վերաբերյալ Հայաստանի միացումը ռուսական ինտեգրացիոն նախագծերին անընդհատ հետաձգվում է: Նախատեսվում է, որ Հայաստանը պայմանագիրը կստորագրի հոկտեմբերի 10-ին, իսկ ԵՏՄ-ին կմիանա 2015-ի հունվարի 2-ին:

«Ինչպես երևում է Ղազախստանն իր տեսակետին հավատարիմ է մնացել: Մինչդեռ, Հայաստանի անդամակցության հարցն ամեն անգամ հետաձգվում է, ինչը չի ուրախացնում Պուտինին: Հայտարարված հոկտեմբերի 10-ից առաջ, երբ ենթադրվում է, որ Հայաստանը կստորագրի պայմանագիրը, հարցն ավելի է սրվում»,- նշում է The Diplomat-ը:

Իսկ Հայաստանում վիճակն ավելի խճճված է: Ըստ տեղական ՈԿԿ-ների հայտարարության, անդամակցությունից հետո նախատեսվում է մի քանի մաքսակետի բացում, ինչը հակասում է ոչ միայն Երևանի հայտարարություններին, այլ հայերի մեծամասնության կարծիքին ու Մոսկվայի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտությունը չի անդրադառնա Հայաստանի անդամակցության վրա:

Սակայն, մեկ շաբաթ անց, Լեռնային Ղարաբաղը հերքեց մաքսային հսկողության մասին հաղորդագրությունները: Պարբերականը մեջբերում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին, որը հայտարարել էր, թե մաքսակետերի տեղադրումը նույնիսկ տեխնիկապես անիրագործելի է, քանի որ հնարավոր չէ վերահսկել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները:

Միությանը Հայաստանի պաշտոնապես միանալուց մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս լուծված չէ: Այդ հարցը, ի թիվս այլ խնդիրների, Պուտինի աչքի փուշն է դարձել, ևս մեկ վրիպումը ԵՏՄ առաջարկված աշխարհաքաղաքական օրակարգում: Ինչպես Ղրղզստանը, Հայաստանը ևս մի քանի ոչնչով չբացատրված ձգձգումներ ունեցավ անդամակցության ճանապարհին: Միանգամայն հնարավոր է, որ Մոսկվան ստիպված կլինի այս անգամ ևս հանդուրժել հերթական հետաձգումը»,- ամփոփում է պարբերականը: