9 հոկտեմբերի 2014 - 10:53 AMT
Պայքար ԻՊ դեմ. Անկարան սպասում է, իսկ իսլամիստները դեռ չեն ցանկանում դիմակայության մեջ մտնել Թուրքիայի հետ

Քրդերը Թուրքիայում կշարունակեն բողոքները, չնայած իշխանությունների սահմանած պարետային ժամին: Այդ մասին հայտարարել է թուրքական քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նազմի Գյուրը:

Բողոքները սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբնակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին: Անկարան վճռական գործողություններ ձեռնարկեց փրկելու համար մարդկանց իսլամիստների կողմից պաշարված բնակավայրից: Մասնավորապես, բողոքողները պայքարում են, որ թուրքական կողմը սկսի զենք առաքել պաշարվածներին, իսկ առավել արմատականները հայտարարում են, որ թուրքական զորքերը պետք է մտնեն Սիրիայի տարածք՝ կասեցնելու համար ահաբեկիչների առաջխաղացումը:

«Քրդերի բողոքները կդադարեցվեն միայն եթե թուրքական իշխանությունները սկսեն օգնել Կոբանի բնակչությանը»,-պարզաբանել է Գյուրը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Այժմ Դիարբեքիրում և Թուրքիայի հարավ-արևելքի այլ քաղաքներում արտակարագ վիճակ է հայտարարված, բնակավայրերի փողոցներում զինվորներ են հատյնվել տանկեի ու զրահամեքենաների ուղեկցությամբ: «Քրդերը վրդովված են փախստականների հետ թուրքական իշխանությունների վերաբերմունքվ,-պարզաբանել է թուրքագետ, Սանկտ Պետերբուրգի համալսարանի դոցենտ Ալեքսանդր Սոտնիչենկոն:-Եթե 2012-2013 թթ. Սիրիայից հեռացող տասնյակ հազարավոր փախստականներին, հիմնականում սունիներին, թուրքական իշխանությունները հանգիստ թույլ էին տալիս հատել սահմանը և բնակեցնում էին հատուկ ճամբարներում, ապա մի քանի օր առաջ Կոբանիից փախած քրդերին Անկարան թույլ չտվեց հատել սահմանը՝ սպառնալով ջրանետ մեքենաներ կիրառել:

Կոբանի քաղաքը քրդերի վերջին հանգրվանն է հյուսիսային Սիրիայում թուրքական սահմանի մոտ: Մյուս բոլոր բնակավայրերը վերահսկում են իսլամիստները: Ուստի հիմա խոսքը բուն սիրիական Քրդստանի գոյության մասին է: Եթե Կոբանին գրավեն, իսլամիստների հսկողության տակ կհայտնվեն մի քանի շրջաններ:

Սակայն Անկարան չի շտապում փրկել սիրիացի քրդերին, չնայած որ խորհրդարանը թույլ է տվել զորքերը գործի դնել կանխելու համար Կոբանի գրավումը: Հավանաբար, Թուրքիայի նախագահ էրդողանը, որը մշտապես դեմ էր Սիրիայի նախագահ Ասադին, այլ շահեր է հետապնդում: «Էրդողանը սպասում է, որ «Իսլամական պետությունը», քրդերը, որոնք մշտապես գլխացավանք են եղել Թուրքիայի համար իրենց անկախության պահանջով, ինչպես նաև վաղեմի հակառակորդ Ասադը թուլացնեն միմյանց: Եվ այն ժամանակ Անկարան կսատարի Ասադի զինյալ հակառակորդներին»,-կարծում է Սոտնիչենկոն:

Թուրքիայի նախագահը սիրիացի փախստականների ճամբարում օրերս հայտարարեց, որ լավագույն ելքը կլիներ թռիչքներից զերծ գոտու ստեղծումը Սիրիայի երկնքում, բուֆերային տարածքի ստեղծումը, ռազմական ուսուցումը սիրիացի չափավոր ապստամբների համար:

Ինչպես գրում է պարբերականը, հավանաբար, Անկարան կսպասի, և թեև ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցներն արդեն ռմբակոծում են ԻՊ դիրքերը Սիրիայում, Էրդողանը չի շտապում միանալ նրանց: Միակ տարբերակը, եթե Թուրքիան ստիպված կլինի միջամտել, եթե իսլամիստները փորձեն պղծել Սուլեյման շահի դամբարանը, որը թուրքական անկլավ է Սիրիայի տարածքում: «Հազիվ թե իսլամիստները գնան դրան, նրանց շահերից չի բխում Անկարայի հետ վիճաբանելը»,-գտնում է Սոտնիչենկոն:

Մինչդեռ, չնայած հաճախակի դարձած ԱՄՆ ու նրա դաշնակիցների ավիահարվածներին, «Իսլամական պետության» գրոհայինները կրկին հարձակման են անցել սիրիական Կոբանի քաղաքում: Քաղաքի արևելյան մասում գտնվող թաղամասերում երեկոյան մարտեր էին գնում:

«Կատաղի բախումներ են նաև Կոբանիի արևելքում: ԻՊ-ն հարձակման է անցել, վերադարձնելու համար վերահսկողությունը»,-ասել է Ռամի Աբդել Ռահմանը, Լոնդոնում գործող Սիրիայի մարդու իրավունքների կազմակերպության տնօրենը:

Ըստ նրա, Քրդական աշխատավորական կուսակցության առնվազն երեք մարտիկ է սպանվել ԻՊ ջիհադականների հետ: Գրոհի արդյունքում գրոհայիններին հաջողվել է ամրանալ Կոբանի արևմտյան մասի որոշ շրջաններում: Մինչ այդ նրանք գրավել էին քրդաբնակ քաղաքի արևելյան ու հարավային մասերը, հայտնում է 9tv.co.il-ը:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: