10 հոկտեմբերի 2014 - 17:41 AMT
Հայաստանը ստորագրել է ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը (թարմացված)

Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ավելի վաղ՝ մայիսին, ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել էին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, այն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին:

«Սեղմ ժամկետում համաձայնեցվել են բոլոր իրավական ու տնտեսական հարցերը, այդ թվում նաև Հայաստանի ներկայացվածության վերաբերյալ ԵՏՄ կոլեգիայում…հաջողվեց նաև փոխհամաձայնության գալ մեր քննարկվող զգայուն հարցի շուրջ»,- հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Անդրադառնալով «զգայուն հարցին»՝ Նազարբաևը, հավանաբար, նկատի ուներ ԵՏՄ-ին Հայաստանի միացումն առանց Լեռնային Ղարաբաղի:

Սերժ Սարգսյանը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին իր ելույթում նշել է, որ վերջին տասնամյակում Բելառուսում մեր երկրների համար կարևոր որոշումների կայացում արդեն բարի ավանդույթ է դարձել, և այս գագաթաշողովն էլ բացառություն չէ: Անդրադառնալով Հայաստանի անդամակցմանը, նախագահը նշել է.

«Մենք շատ լավ գիտակցում ենք մեր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով Պայմանագրին: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետ իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար և առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը:

Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման և լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում և հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը»,- նշել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ պետության ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, հանձնաժողովի կոլեգիային, բոլոր պաշտոնյաներին և փորձագետներին՝ կարճ ժամանակահատվածում կատարված ահռելի աշխատանքի համար:

Նախագահը նշել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում է՝ որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված, մեր երկրների համար կանխատեսելի և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման հիմնական ձևաչափ:

«Իհարկե, Հայաստանի անդամակցումն իր առանձնահատկությունն ունի՝ դա Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: Սակայն, մենք համոզված ենք, որ այն չի խանգարի Հայաստանի ինտեգրացիային մեր ընդհանուր տնտեսական տարածքում ձևավորվելիք կարգավորումների միասնական համակարգերին, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսների համակարգերին:

Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք և մեզ հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունն աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Մենք համոզված ենք, որ Միությունն ունի հսկայական չիրացված ներուժ աշխարհի տնտեսական քարտեզի վրա իր դիրքերի ամրապնդման համար:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությունը՝ հիմնվելով համընդհանուր և բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի վրա, բաց բնույթ է կրում և ենթադրում է լիարժեք ու իրավահավասար գործակցություն այլ ինտեգրացիոն միավորումների և երրորդ երկրների հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ համաշխարհային փորձը վկայում է, որ միավորվելով տնտեսական ինտեգրացիոն կազմավորումների ձևաչափում ՝ զարգացող երկրները կարող են զարգացման և մրցունակության բարձրացման ավելի մեծ տեմպեր գրանցել, եթե, իհարկե, բոլոր մասնակիցների ներուժը և առավելությունները ճիշտ օգտագործվեն:

«Մենք կանենք հնարավորը, որպեսզի Հայաստանը, հիմնվելով սեփական փորձի և մրցունակության առավելությունների վրա, այդ թվում՝ ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների շարունակման միջոցով, իր լուման ներդնի եվրասիական տարածքի ամրապնդման գործում»,- եզրափակել է նախագահը՝ նշելով, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է դրանում և պատրաստ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված նպատակների իրականցման ուղղությամբ սերտ փոխգործակցության:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով:

Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է:

Photo: President.am