11 հոկտեմբերի 2014 - 14:16 AMT
Հայազգի քանդակագործը` Վիքիպեդիային նվիրված արձանի հեղինակ

Լեհաստանի Սլուբիցե քաղաքի իշխանությունները որոշել են կանգնեցնել Վիքիպեդիա օնլայն ազատ հանրագիտարանի ստեղծողներին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը:

Նախագծի արժեքը գնահատվել է 50.000 զլոտի (ավելի քան $12.700): Հուշարձանի հեղինակը Սլուբիցեի քոլեջի շրջանավարտ, 30-ամյա հայազգի Միհրան Հակոբյանն է:

Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք: Այս պահին Հայերեն Վիքիպեդիան ունի 134.979 հոդված։

«Նպատակն այլոց զարգացման ու կրթման նպատակով ամբողջ աշխարհում անձնվիրաբար աշխատող բազմաթի մարդկանց գործը ևս մեկ անգամ արժևորելն է»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը, հաղորդում է լատինաամերիկյան Herald Tribune-ը: Հուշարձանի տեղադրման գաղափարը Սլուբիցեի Պոլոնիկում քոլեջի տնօրեն Քշիստոֆ Վոյչիհովսկունն է: Այն նպաստում է Գերմանիայի ու Լեհաստանի համալսարանների գործակցության խորացմանը:

Քաղաքապետ Պյոտր Լուչինսկին էլ լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ հուշարձանը կնպաստի քաղաքի զբոսաշրջային գրավչության աճին, ինչպես նաև կարտացոլի իրենցգաղափարներն ու ձգտումները:

Հուշարձանի պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 22-ին: Մասնակցելու են նաև Վիքիպեդիայի ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից:

Հայ քանդակագործ Միհրան Հակոբյանը ծնվել է 1984-ի փետրվարի 18-ին Ստեփանակերտում։ 2000-2006 թթ. սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում, 2010-ից սովորում է Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ 2003, 2011 թվականներին մասնակցել է Շուշի քաղաքում կազմակերպված միջազգային սիմպոզիումներին։

Photo: AP