13 հոկտեմբերի 2014 - 12:06 AMT
Նախագահ. Անհեռանկար է ձևացնել, թե կոնֆլիկտային իրավիճակներում ընտրված իշխանությունները լեգիտիմ չեն

ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 12-ին կայացել են Սերժ Սարգսյանի և պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցություններից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև գործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական գործակցության մասին համաձայնագիր և ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՍՀ առևտրի, զբոսաշրջության և հեռահաղորդակցության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում գործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչն այնուհետ հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև հայտարարությամբ:

Սարգսյանը նշել է, որ երկու օրվա ընթացքում Նիկոլիչի հետ լիակատար փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի բոլոր հարցերը.

«Մենք միակարծիք էինք, որ ժամանակն է վերաիմաստավորելու վերջին քսան տարիների մեր անցած ուղին և նոր շունչ հաղորդելու երկկողմ գործակցությանը բոլոր հնարավոր ոլորտներում: Այս համատեքստում կարևորեցինք Երևանում և Բելգրադում դեսպանությունների հիմնումը, ինչը մեծապես կնպաստի մեր հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը»: Նա նշել է, որ այժմ քննարկումներ են ընթանում փոխադարձաբար Հայաստանի և Սերբիայի քաղաքացիներին սահմանի վրա մուտքի արտոնագրեր տրամադրելու կամ ավելին՝ առանց արտոնագրերի մուտք արտոնելու վերաբերյալ:

«Իմ գործընկերոջը ներկայացրեցի Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Նախագահ Նիկոլիչն ինձ ծանոթացրեց Կոսովոյի խնդրում Սերբիայի մոտեցումներին և դիրքորոշումներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ կարևորում եմ այն փաստը, որ չնայած կարգավիճակի չճանաչմանը, Սերբիան ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ: Գիտեք, մենք էլ համարում ենք, որ անհեռանկար է ձևացնել, որ կոնֆլիկտային իրավիճակներում ընտրված իշխանությունները լեգիտիմ չեն: Ակնհայտ է, որ դրա այլընտրանքը քաոսն է:

Ես վերահաստատել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ և նշել, որ մենք գնահատում ենք Սերբիայի հավասարակշռված մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասով և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

Սերբիան հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, և այդ առումով Հայաստանը սատարում է Սերբիային այդ պատասխանատու առաքելության մեջ և աջակցելու է կազմակերպության ամրապնդմանն ուղղված սերբ գործընկերների նախաձեռնություններին»,- նշել է Հայաստանի նախագահը:

Սարգսյանն անդրադարձել է նաև Մինսկում Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագրի ստորագրմանը:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:Ավելի վաղ՝ մայիսին, ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել էին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, այն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին:

«Մենք կայացրել ենք այդ որոշումը` մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով: Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս:

Բայց կարևոր է, որ մեր գործընկերներն իմանան՝ մենք դա երբեք չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը: Այն շարունակվում է և շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով՝ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը: Այս հարաբերություններում իրենց կարևոր ուրույն տեղն ունեն եվրոպական երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունները: Սերբիայի նախագահի այս այցը և բոլոր մակարդակներում ինտենսիվ քաղաքական շփումները հենց դրա վկայությունն են»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության, այցի երկու օրերին պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումների ու քննարկումների համար: ԶԼՄ-երի առջև իր հայտարարության սկզբում Սերբիայի նախագահը նշել է, թե լիովին համաձայն է Հայաստանի նախագահի հայտարարության մեջ ասված մտքերի հետ և իր հերթին ընդգծել, որ Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամությունը մշտապես գոյություն է ունեցել ու այսուհետ էլ այն շարունակվելու է: Նախագահ Նիկոլիչը հայ և սերբ ժողովուրդների բազում ընդհանրություններ է նշել և ընդգծել, որ երկու ժողովուրդները խորապես կապված են նույն ճակատագրով, պատմականորեն իրենց բաժին հասած դժվարություններով ու դժբախտություններով, իրենց քաղաքակրթությունների պահպանման համար պայքարով: Ժամանակակից փոփոխված աշխարհում Սերբիայի նախագահը կարևորել է ավանդույթների պահպանումը, որը, նրա համոզմամբ, միավորում է բարեկամ ժողովուրդներին:

Սերբիայի նախագահը, նշելով առևտրատնտեսական հարաբերությունների կարևորությունը երկրների միջև կապերի ամրապնդման գործում, այդուհանդերձ ընդգծել է, որ սերբերը և հայերը չեն մտել առևտրային հարաբերությունների մեջ, որպեսզի բարեկամ լինեն. նրանք բարեկամներ են, և հենց դրա համար պետք է սերտացնեն առևտրային հարաբերությունները:

Նախագահ Նիկոլիչն իր երկրի անունից աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված խաղաղ բանակցային գործընթացում ձևավորված Մադրիդյան սկզբունքներին և հաջողություն մաղթել Հայաստանին՝ իր իրավունքներն իրացնելու և պաշտպանելու գործում:

Սերբիայի Նախագահը, խոսելով իր երկրի ապագայի մասին, նշել է, որ Սերբիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ և միաժամանակ ձգտում բարեկամներ ունենալ աշխարհով մեկ: Տոմիսլավ Նիկոլիչն ընդգծել է, որ Սերբիան չի մոռանա իր բարեկամներին Եվրամիությանն անդամակցելուց հետո, բայց և չի լքի Եվրամիությունը բարեկամների համար, այդ ճանապարհին ոչ մեկին չի վտանգի: Նա նշել է, որ Սերբիան ցանկանում է ավելի լավ կյանք ապահովել իր քաղաքացիների համար: Այն, որ իր երկիրն այժմ տնտեսական ճգնաժամ է ապրում, Նախագահ Նիկոլիչի խոսքով, Սերբիայի նախկինում կատարած որոշակի սխալների հետևանքն է, երբ մոռացել է իր հին բարեկամների մասին՝ ընկնելով միայն սեփական շահերի հետևից: Նախագահ Նիկոլիչն ընդգծել է՝ մեր շահն այսօր բարեկամությունն է:

Նա խոսել է Հայաստանում և Սերբիայում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից բացի, Բելգրադ-Երևան ուղիղ չվերթի բացման հնարավորության մասին ևս:

Սերբիայի Նախագահն ընդգծել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Սերբիայի դիրքորոշումների ներդաշնակեցման անհրաժեշտության կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կոսովոյի և Մետոխիայի անկախությունը չճանաչելու և նաև Կոսովոյում միջազգային խաղաղապահ գործողություններին հայ զինվորների մասնակցության համար: Նախագահ Նիկոլիչն ընդգծել է, որ այդ զինվորները պաշտպանել են նաև սերբերին, ամեն ինչ արել են, որպեսզի պահպանեն խաղաղությունն ու կայունությունը:

Պաշտոնական այցի շրջանակներում nախագահ Նիկոլիչը հանդիպել է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Վերջինս հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման հարցում կարևորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունն ու փոխայցելությունները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են ԼՂ հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը միակ ձևաչափն է՝ երաշխավորված միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում նա կարևորել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը:

Գալուստ Սահակյանը, հիշեցնելով, որ գալիք տարում լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, նշել է, որ Հայաստանը շարունակելու է հետամուտ լինել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քանզի մարդկության դեմ ուղղված նման ոճիրներն անպատժելի թողնելը նույնն է, ինչ թույլ տալ դրանց կրկնությունը:

Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ճաշ:

Առավոտյան Սերբիայի նախագահն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Այնուհետև Սերբիայի նախագահը մեկել է Արմավիրի մարզ, ծաղկեպսակ դրել 1988-ի աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող և Երևանի մատույցներում ավիավթարի հետևանքով զոհված յոթ սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որով էլ ավարտվել է Սերբիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան:

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պաշտոնական հրաժեշտի արարողությունը: