13 հոկտեմբերի 2014 - 13:06 AMT
Վարչապետ. ՀՀ-ն հավատարիմ է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, նաև պատրաստ պարտադրված պատերազմին

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Միացյալ Նահանգներում՝ նրանք դարձել են այդ երկրի անբաժանելի մասը՝ արժեքավոր ներդրումը բերելով նրա զարգացման գործին բոլոր ոլորտներում:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ անկախության վերահաստատումից հետո Հայաստանի և ԱՄՆ միջև փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա ձևավորվել են միջպետական ամուր կապեր, զարգացում է ապրել քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է գործակցության օրակարգը, ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում, ձևավորվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կայուն մեխանիզմներ:

«Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, և դրանում դեր ունեք նաև դուք` ամերիկահայերդ: Այսօր այդ հարաբերությունների մեջ առաջնային եմ համարում հատկապես տնտեսական կապերի խորացումը, ինչը հետևողական աշխատանք է պահանջում: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Դժվար է գերագնահատել այն հայրենանվեր գործունեությունը, որն այս երկրում կատարում են հայկական կազմակերպություններն ու միությունները, ինչպես նաև առանձին անհատները՝ ամերիկյան պետական տարբեր կառույցներում մշտապես ներկայացնելով և առաջ մղելով հայանպաստ ծրագրեր, պաշտպանելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կենսական շահերը»,- ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ հայրենիք-սփյուռք գործակցությունը Հայաստանի կառավարության կարևորագույն ռազմավարական ուղղություններից է:

«Այսօր մենք սփյուռքահային գործընկերություն ենք առաջարկում, պատրաստ ենք հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում ենք կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Հայաստանի կառավարությունը տալիս է դրա երաշխիքը: Հայաստանը անբաժանելի է սփյուռքից, և սփյուռքահայության խնդիրները մեր օրակարգային հարցերն են: Հայաստանի կառավարությունն այսօր իր կարողությունների սահմաններում անում է ամեն հնարավորը Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և Իրաքում ծանրագույն վիճակում հայտնված մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` Հովիկ Աբրահամյանը նշել է. «Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է. հայ ազգի նկատմամբ կատարած ոճրագործությունը ոչ միայն հայության, այլև համամարդկային խնդիր է, և Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումը մենք դիտում ենք որպես ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոց: Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու և հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելու են պատմական արդարությունը վերականգնելու համար: Մեր նախնիների հիշատակը, կարծում եմ, պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր hայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորությունները hայրենիքին ի սպաս դնելով: Հզոր Հայաստանով մենք ավելի կմոտեցնենք արդարության հաղթանակի պահը»:

Նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում (Կալիֆորնիա) տեղի կունենա Հայոց Ցեղասպանության 100-ամյակին վիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: Հուշարձանի օծման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2015-ի ապրիլի 24-ին:

Վարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված. Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

«Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն նաև պատրաստ է պարտադրված պատերազմին ըստ արժանվույն հակահարված տալու, կանխելու թշնամու անգամ չնչին ոտնձգությունները՝ պաշտպանելով հայ ժողովրդին և Հայաստանի սահմանները: Հայաստան-Արցախ-սփյուռք՝ այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»,-ընդգծել է վարչապետը:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին, երթադրաբար` 27-ին, Փարիզում բանակցությունների անցկացման համար:Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Ամփոփելով խոսքը` Հովիկ Աբրահամյանը շեշտել է. «Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով, ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով»: Հանդիպմանը վարչապետը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին: