14 հոկտեմբերի 2014 - 12:28 AMT
Կատալոնիայի իշխանությունները չեն կարող անկախության հանրաքվե անցկացնել. Այլընտրանք են որոնում

Կատալոնիայի իշխանությունները խոստովանել են, որ չեն կարողանա անկախության մասին հանրաքվե անցկացնել ինքնավարության ղեկավար Արթուր Մասի ստորագրած հռչակագրի շրջանակում, որն արգելափակվեց Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից, և այժմ այլընտրանքային տարբերակներ են որոնում:

«Կատալոնիայի իշխանությունները բացառում են, որ հնարավոր կլինի հարցում անցկացնել սկզբից նախատեսվող հանրաքվեի մասին օրենքի շրջանակում, որը ստորագրել է Մասը»,-հայտարարել է երկուշաբթի ուշ երեկոյան Ժոան Էրերան՝ «Նախաձեռնություններ Կատալոնիայի համար՝ Կանաչներ»-ի առաջնորդներից մեկը Կատալոնիայի հիմնական կուսակցությունների առաջնորդների և ինքնավարության ղեկավարների հետ հերթական հանդիպման ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հոկտեմբերի 14-ին այլընտրանքային առաջարկ արվեց հանրաքվեի վերաբերյալ: Տարբերակներից մեկը կարելի է համարել հարցումների մասին օրենքի այն մասը, որտեղ խոսք է գնում «քաղաքացիական մասնակցության գործընթացների մասին»: Այդ հատվածը Իսպանիայի կառավարությունը վիճարկել էր ՍԴ-ում: Փաստացի դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ին տեղի կունենա ոչ թե հանրաքվե, այլ հասարակական կարծիքի հարցում:

Կատալոնիայի հիմնական կուսակցությունների թվում հանրաքվեի հարցում միասնություն չկա: Խոշորագույն քաղաքական ուժը՝ «Կոնվերգենցիա և Կատալոնիայի միությունն» իր հերթին գտնում է, որ եթե ՍԴ-ն չհանի օրենսդրական սահմանափակումը, ապա այն հնարավոր չի լինի անցկացնել: Վերջերս հեղինակություն ստացող «Կատալոնիայի ձախ ուժերը» հայտարարում են, որ անհրաժեշտ է այլընտրանք որոնել, բայց եթե «լինի քաղաքական կամք ու փոխզիջում», հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել նոյեմբերի 9-ին:

Հոկտեմբերի 4-ին Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը հրամանագիր ստորագրեց նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնելու մասին չնայած Մադրիդի դիմադրությանը ու ՍԴ որոշմանը 5 ամսով հանրաքվեի մասին օրենքը կասեցնելու վերաբերյալ: Անջատողական շարժումներն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ առաջին հերթին, Բասկերի Երկրում և Անդալուսիայում:

Ավելի լայն ինքնավարության պահանջով ու կատալոնացիներին սատարող կարգախոսներով հանդես եկավ Վալենսիան: Հազարավոր բնակիչներ հոկտեմբերի 9-ին ցույց կազմակերպեցին ինքնավարության մայրաքաղաքում՝ պահանջելով քաղաքական փոփոխություններ, պայքար կոռուպցիայի, ավտորիտարիզմի, հակասոցիալական քաղաքականության ու վալենսիական լեզվի ու մշակույթի նվաստացման դեմ: Ցուցարարները նաև վանկարկում էին կարգախոսներ՝ սատարելով հարևան Կատալոնիայի անկախության մասին հանրաքվե անցկացնելու իրավունքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եթե, այնուամենայնիվ, հանրաքվե անցկացվի, ապա մասնակիցներին հարկ կլինի պատասխանել երկու հարցի՝ «Համաձա՞յն եք, որ Կատալոնիան պետություն դառնա» (ինքնավարության կարգավիճակի բարձրացում) և «Եթե այո, ապա համաձա՞յն եք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա» (անկախանա Մադրիդից):

Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում:

Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում:

Photo: Reuters