14 հոկտեմբերի 2014 - 16:09 AMT
Շփման գծում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:

ԼՂՀ Պն-ից հայտնում են, որ հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հոկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց: ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետել են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հրադադարը խախտվել էր մոտ 200 անգամ, և արձակվել ավելի քան 1200 կրակոց:

2014 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Դավիթ Վիկտորի Նավասարդյանը: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով:Կատարվում է նախաքննություն:

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող` 1990-ին ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին, երթադրաբար` 27-ին, Փարիզում բանակցությունների անցկացման համար:Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: