16 հոկտեմբերի 2014 - 10:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող. ԴԱՀԿ ծառայության կազմակերպած միջազգային համաժողովն արդյունավետ էր և հաջողված

Ծաղկաձորում ավարտվել է հոկտեմբերի 13-14-ը ԴԱՀԿ ծառայության կազմակերպած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը, որի ավարտին փակման խոսք է ասել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել համաժողովի մասնակիցներին միջոցառմանն ակտիվ մասնակցելու, յուրաքանչյուրն իր հերթին այն յուրովի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար:

«Համաժողովի ընթացքում քննարկված հարցերը և ձեր կողմից արված շեշտադրումները կրկին բոլորիս ստիպեցին մեր ուշադրությունը հրավիրել և կենտրոնանալ կատարողական վարույթի այնպիսի զգայուն ասպեկտների և առանձնահատկությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների պատշաճ կիրառումը, հարկադրանքի միջոցների արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանության ողջամիտ հարաբերակցությունը, պարտապանի, պահանջատիրոջ և երրորդ անձանց իրավունքների և շահերի ճիշտ հավասարակշռությունը»,- ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Միհրան Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ մասնակիցների շնորհիվ համաժողովը օգտակար է եղել բացահայտելու և առավել լավ հասկանալու նշված, ինչպես նաև բոլորի համար համընդհանուր դարձած այլ հիմնախնդիրներ, ավելի խորն ըմբռնելու այդ հիմնախնդիրների էությունը և գտնելու դրանց լուծման հնարավոր ուղիներ, ինչն իր հերթին, անշուշտ, իր նպաստն է բերելու կատարողական վարույթի զարգացման և կատարելագործման գործին ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով:

«Հուսով եմ, որ Հայաստանում անցկացրած երկու օրերը ձեզ համար իրոք տպավորիչ էին, հաճելի և արդյունավետ: Ակնկալում եմ կրկին ձեզ տեսնել հետագայում ևս կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին Հայաստանում»,- ասել է Միհրան Պողոսյանը:

«Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին: Համաժողովին մասնակցել է ինչպես Դատական կատարողների միջազգային միության, այնպես էլ 18 երկրի պատվիրակություն, որոնցից 15-ը ներկայացված են եղել ոլորտի առաջին դեմքերով: Համաժողովի մասնակիներին իր ուղերձն էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որն այնուհետև լրագրողների հետ զրույցում կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք կնպաստեն Հարկադիր կատարման ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովի երկրորդ օրվա՝ հոկտեմբերի 14-ի քննարկումն անցել է «Կատարողական վարույթով պարտապանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի սահմանները» խորագրի ներքո:

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, համաժողովի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Հարկադիր կատարման ծառայության, իսկ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը՝ Համաժողովի մասնակիցների անունից ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Այնուհետև համաժողովի մասնակիցներն այցելեն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ դիտել են Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Հայոց ցեղասպանության թանգարանում համաժողովի մասնակիցներին Ցեղասպանության մասին պատմող՝ «Դարի առաջին ցեղասպանությունը» վերնագրով գրքեր են նվիրվել:

Գիտագործնական համաժողովի մասնակիցներ օրվա երկրորդ կեսին այցելել են նաև «Մեգերյան կարպետ» գորգերի գործարան, ծանոթացել հայկական ձեռագործության արվեստին:

Միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովի բոլոր մասնակիցներին Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության կողմից հանձնվել է հուշանվեր, որը մի քանի խորհուրդների շարքում, իր մեջ պարունակել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խորհուրդ:

ՖՈՏՈՇԱՐՔ