16 հոկտեմբերի 2014 - 16:21 AMT
Սպիտակ տուն. Օբաման բազմիցս որպես պատմական փաստ է ճանաչել 1,5 մլն հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սպիտակ տան պաշտոնյաները պարբերաբար որպես պատմական փաստ են ճանաչել և սգացել Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված հայերի սպանդն ու մահվան երթը: Այս մասին գրում է Asbarez պարբերականը` հղում անելով խմբագրություն ուղարկված Օբամայի վարչակազմի աշխատակիցներից մեկի նամակին: Սպիտակ տան ներկայացուցիչը նամակն ուղարկել է այն բանից հետո, երբ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե նոյեմբերին Սպիտակ տան այցելուների կենտրոնում ցուցադրվելու է «որբերի գորգը»:

«Նախագահը և վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս որպես պատմական փաստ են ճանաչել ու սգացել Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի բնաջնջման փաստը: Նրանք նաև հայտարարում են, որ ամբողջական, անկեղծ և արդար ճանաչումը մեր բոլորի` Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում: Այս ոլորտում Սպիտակ տան աշխատակազմի աշխատանքի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ ազգերն ավելի են ուժեղանում իրեց անցյալի ցավոտ դրվագները ճանաչելով ու դրա հետ հաշվի նստելով: Այդ ամենը շատ կարևոր է առավել արդար և հանդուրժող ապագայի հիմքեր կառուցելու համար»,- ասվում է պաշտոնյայի նամակում:

Ինչպես արդեն գրել ենք, «Որբերի գորգը» նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում: Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, «1925-ին Ղազիրի գորգը նվիրվեց նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար»:

Նախապատրաստվող ցուցահանդեսից առաջ հայտարարություն է տարածել հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը. «Եթե նախագահ Օբամայի` հայոց «որբերի գորգը» ցուցադրելու որոշումը միտված է ներկայացնելու իրական առաջընթացի խորհրդանիշ, նա անկաշկանդ և պարզորոշ կխոսի սարսափելի ու դեռևս անպատիժ հանցագործության` Հայոց ցեղասպանության մասին, որն էլ գորգի ստեղծման պատճառ էդարձել: Եթե մյուս կողմից` նախագահի որոշումը արտահայտում է ևս մեկ ցինիկ ներկայացում` այն առաջընթացի փոխարեն, որը նա խոստացել էր հայ ժողովրդին, ապա դա ակնհայտ կլինի` նրա ընտրած բառապաշարը և Թուրքիային գոհացնելու կանոներին հետևելը»:

«Հայ որբերի գորգը»՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4 000 000 ձեռագործ հանգույց է պարունակում, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում: Այն նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին որպես երախտագիտության նշան 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Գորգի շուրջ վիճարկումները սկսվեցին 2013-ի հոկտեմբերին, երբ The Washington Post-ը և ԱՄՆ-ի Հանրային ռադիոն անդրադարձան Սպիտակ տան կողմից գորգի ցուցադրության արգելքին, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում:

Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա՝ թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի հայ որբերին նվիրված «Հայ որբերի գործած գորգը» ցուցադրությունը, որոնք այն գործել են՝ որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին: 2014-ի մայիսին կոնգրեսական Ադամ Շիֆը և սենատոր Էդ Մարկին խորհուրդ են տվել Օբամայի վարչակազմին ցուցադրության ներկայացնել «Որբերի գորգը»՝ որպես Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան հումանիտար օգնության նշանակալի խորհրդանիշ: