20 հոկտեմբերի 2014 - 11:25 AMT
Եվպատորիայի հայ համայնքը փորձում է վերադարձնել ծիսական շինությունները

Եվպատորիայի հայկական ու գերմանական համայնքներն իշխանություններին կոչ են արել աջակցել իրենց ծիսական շինությունները վերադարձնելու հարցում: Այս մասին հաղորդում է E-crimea-ն՝ վկայակոչելով Եվպատորիայի քաղաքային խորհրդի գործկոմի մամուլի ծառայությանը:

Հայ համայնքին չեն վերադարձվել Ինտերնացիոնալ փողոցի երկայնքով տեղակայված եկեղեցու բոլոր շինությունները: Դրանցից մեկը գտնվում է հաշմանդամների ու ծերերի տուն-ինտերնատի տարածքում: Քաղաքային իշխանությունը վստահեցրել է, որ հարցը քննարկվել է Ղրիմի նախարարների խորհրդի մակարդակով և խոստացել շուտափույթ լուծել այն:

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև գերմանական համայնքում: Մի քանի տարի այն խնդրում է իրեն վերադարձնել Չերնիշևսկիի փողոցում գտնվող գերմանական նախկին եկեղեցու շենքը: Հուշարձանը բնակարանաշինության համար հատկացված տարածքում է, որը պատրաստվում են տրամադրել Ռուսաստանի ՊՆ-ին: Իշխանությունները խոստացել են «աջակցել այդ խնդրի լուծման հարցում»:

Եվպատորիայի (Կեոզլև, Կոզլով) հայկական համայնքը ձևավորվել է Ղրիմի թերակղզում ջենովացիների տնտեսական տիրապետության ժամանակաշրջանում` 14-15-րդ դարեր։ 1730-ականներին քաղաքի նշանավոր հայ վաճառական Կարապետը ռուսական Նեժին քաղաքում հիմնել է տարանցիկ առևտրի խոշոր կետ, որի միջոցով Պարսկաստանից, Թուրքիայից և այլ վայրերից եկող վաճառականները առևտուր են արել ռուսական շրջաններում։ Բացի առևտրից տեղի հայերը զբաղվում էին նաև արհեստներով։ 1778-ի արտագաղթի ժամանակ Եվպատորիայի հայերի թիվը մոտ 2.000 էր, իսկ թերակղզին Ռուսաստանին միացնելուց հետո` 1820-ականներին մոտ 100 տուն։ 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանից հայ գաղթականների հոսքի հետևանքով հայերի թիվը հասել է մոտ 1000-ի ։

19-20-րդ դարերում համայնքում գործել են Սբ Նիկողայոս եկեղեցին և նրան կից հայկական ծխական դպրոցը։ 1991-ից հայկական համայնքի ազգային կյանքը սկսել է վերածնվել, բացվել է կիրակնօրյա հայական դպրոց, գործում է Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը։