20 հոկտեմբերի 2014 - 11:54 AMT
Սպիտակ տունը հերքում է. Հայ որբերի գորգի ցուցադրումն ուղղերձ չէ Թուրքիային

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մարկ Սթրոն հերքել է այն լուրերը, թե ցուցադրելով Հայոց ցեղասպանության խորհրդանիշ ընկալվող «Հայ որբերի գորգը», Ամերիկան ուղերձ է հղում Թուրքիային:

Խոսնակը հայտնել է, որ գորգը շատ կարևոր պատմական արժեք ունի, և իրենք երկար ժամանակ որոնում էին այն պատշաճ կերպով ներկայացնելու լավագույն տարբերակը, հաղորդում է Ermenihaber կայքը:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Սթրոն ընդգծել է, որ նոյեմբերի 18-23 կայանալիք «Շնորհակալություն ԱՄՆ-ին. 3 նվեր, որոնք հանձնվել են նախագահներին՝ ի նշան երախտագիտության արտերկրում ամերիկյան մեծահոգության hամար» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված 3 ցուցանմուշն էլ մշակութային արժեք են ներկայցնում:

«Հայ որբերի գորգը» նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի Սպիտակ տան այցելուների սրահում: Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, «1925-ին Ղազիրի գորգը նվիրվեց նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար»:

Թուրքական մամուլը բուռն է արձագանքել լուրին. քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ:Թուրքական Elazigdanhaber լրատվական կայքին հղումով Ermenihaber-ը գրում է, որ հայկական գորգի ցուցադրումը կարելի է դիտարկել Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ բանակցությունների համատեքստում: ԱՄՆ-ը ցանկանում է ռազմաբազան օգտագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարվածելու համար: Որպես այս տեսակետի հիմնավորում, նշվում է, որ «Հայ որբերի գորգը» Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից:

Նախապատրաստվող ցուցահանդեսից առաջ հայտարարություն է տարածել հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը. «Եթե նախագահ Օբամայի` «որբերի գորգը» ցուցադրելու որոշումը միտված է ներկայացնելու իրական առաջընթացի խորհրդանիշ, նա անկաշկանդ և պարզորոշ կխոսի սարսափելի ու դեռևս անպատիժ հանցագործության` Հայոց ցեղասպանության մասին, որն էլ գորգի ստեղծման պատճառ էդարձել: Եթե մյուս կողմից` նախագահի որոշումը արտահայտում է ևս մեկ ցինիկ ներկայացում` այն առաջընթացի փոխարեն, որը նա խոստացել էր հայ ժողովրդին, ապա դա ակնհայտ կլինի` նրա ընտրած բառապաշարը և Թուրքիային գոհացնելու կանոներին հետևելը»:

«Հայ որբերի գորգը»՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4 000 000 ձեռագործ հանգույց է պարունակում, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում: Այն նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին որպես երախտագիտության նշան 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Գորգի շուրջ վիճարկումները սկսվեցին 2013-ի հոկտեմբերին, երբ The Washington Post-ը և ԱՄՆ-ի Հանրային ռադիոն անդրադարձան Սպիտակ տան կողմից գորգի ցուցադրության արգելքին, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում:

Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա՝ թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի հայ որբերին նվիրված «Հայ որբերի գորգը» ցուցադրությունը, որոնք այն գործել են՝ որպես երախտագիտության նշան ամերիկացի բարերարներին:

2014-ի մայիսին կոնգրեսական Ադամ Շիֆը և սենատոր Էդ Մարկին խորհուրդ են տվել Օբամայի վարչակազմին ցուցադրության ներկայացնել «Հայ որբերի գորգը»՝ որպես Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան հումանիտար օգնության նշանակալի խորհրդանիշ: