21 հոկտեմբերի 2014 - 12:22 AMT
Դեկտեմբերի 9-ը` բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր. Կառավարությունը դեմ չէ

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն օրենսդրական նախաձեռնության կարգով կառավարությանն է ներկայացրել օրինագծերի փաթեթ, որով առաջարկում է մայիսի 19-ը հայտարարել Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Սակայն Հայաստանի կառավարությունը նպատակահարմար է համարում ներկայացված առաջարկության փոխարեն բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր հայտարարել դեկտեմբերի 9-ը՝ հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ՄԱԿ-ն ընդունել է հենց 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

«ՀՀ կառավարությունը ներկայացված օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում»,- նշված է կառավարության եզրակացության մեջ:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը և սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ:

«Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Աղբյուրների և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել է ավելի քան 700.000 հույն` կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով:

Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994-ի փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998-ին` սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր:

Հունաստանի խորհրդարանը 1996-ի ապրիլի 25-ին բանաձև (2397/1996) է ընդունել` ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության օր»: Իսկ բոլորովին վերջերս՝ 2014-ի սեպտեմբերի 9-ին, ընդունել է հայերի և պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև: 2010-ի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են, որպես ցեղասպանություն: Բանաձևում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների և պոնտացի հույների զանգվածային ջարդեր:

Ցավոք, ցեղասպանություններ տեղի են ունենում նաև մեր օրերում, բոլորովին վերջերս Հյուսիսային Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդի ժողովուրդը ենթարկվեց մասսայական կոտորածի: Դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի դեմ իրականացված հանցագործությունը՝ նաև պարտավորվում ենք ունենալ մեր ներդրումը ապագայում նման ոճրագործությունները կանխելու հարցում»:

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: