14 հունիսի 2006 - 14:38 AMT
Տ.Թորոսյան. Հայաստանը որեւէ հայտարարություն չի արել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին
Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի ԽՎ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի եւ Անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի ժողովրդավարական կառավարման ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությունների անդամների հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը պատվիրակությունների այցը Հայաստան գնահատեց որպես եւս մի քայլ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ճանապարհին` նշելով, որ այդ հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ գոհունակություն հայտնելով դրանց մակարդակից: Նշվեց նաեւ, որ այդ շրջանակներում անհատական գործողություների գործընկերության ծրագիրն ունի բացառիկ նշանակություն: Պարոն Թորոսյանը ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի ասոցիացված անդամի կարգավիճակը կարեւոր խթան համարեց հարաբերությունների խորացման համար` կարեւորելով, որ այդ հարաբերությունները զարգանում են ոչ միայն պաշտպանական, այլեւ ժողովրդավարական, քաղաքական ու եվրոպական չափանիշներին օրենսդրության ներդաշնակեցման ուղղություններով:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի ԽՎ ներկայացուցիչները հետարքրքրվեցին, թե Եվրամիության անդամակցությունը իր արտաքին քաղաքական գերակայությունը համարող Հայաստանը չի՞ պատրաստվում նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցել: Ի պատասխան Տ.Թորոսյանը հիշեցրեց, որ ԵՄ անդամ երկրներ կան, որ ՆԱՏՕ-ի անդամ չեն եւ դա նորմալ երեւույթ է: Նա վերահաստատեց, որ Եվրամիության անդամակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունն է եւ բոլոր քայլերը ձեռնարկվում են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ուղղությամբ, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին Հայաստանը որեւէ հայտարարություն չի արել, այլ ասել է, որ հետեւողական է հարաբերությունների խորացման ճանապարհին, ինչը եւ արվում է, նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Անդրադառնալով խորհրդարանի դերին ժողովրդավարության խորացման ճանապարհին եւ Հայաստանի հարաբերություններին իր երկու հարեւանների հետ` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը քանիցս հայտարարել է, որ իր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների կողմնակից է` առանց նախապայմաններ առաջադրելու, եւ գտնում է, որ հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ են շփումներ, քննարկումներ, բաց երկխոսություն` քննարկելու բոլոր խնդիրները: Որոշ քայլեր արդեն արվել են ԵԽԽՎ-ում եւ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության շրջանակներում, եւ հույս հայտնեց, որ հարեւանները եւս ընդառաջ քայլերի պատրաստակամություն կունենան: