14 հունիսի 2006 - 19:00 AMT
Ա-320-ի վթարի զոհերի հարազատների հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 213 հազար դոլար
Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում բացված բանկային հատուկ հաշվեհամարի վրա մինչ օրս փոխանցվել է 88 մլն 456 հազար դրամ (213 հազար դոլար)` Ա-320-ի վթարի զոհերի հարազատներին օգնություն ցուցաբերելու համար: Հատուկ հաշվեհամարը` 900013017026 բացվել էր մայիսի 4-ին հայ գործարարների նախաձեռնությամբ, որը ստացավ Հայաստանի կառավարության հավանությունը: Ֆինանսական օգնություն է ընդունվում նաեւ արտերկրից ցանկացած արտարժույթով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 3-ին Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 աէրոբուսը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 մարդ` որոնցից 26-ը` Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Վրաստանի, մեկը` Ուկրաինայի, մյուսները` Հայաստանի) եւ անձնակազմի ութ անդամները (երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):