24 հոկտեմբերի 2014 - 16:30 AMT
Ուորլիք. Ղարաբաղյան կարգավորումը կախված է ոչ թե միություններից, այլ կողմերի կամքից

Ղարաբաղյան կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կամքից, ոչ թե ինչ-որ համաձայնությունից կամ միությունից: Այդ մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հնարավոր ազդեցության մասին ղարաբաղյան կարգավորման վրա:

Ամերիկացի համանախագահը նշել է, որ ՀՀ կառավարությունն արդեն կայացրել է որոշումը, և ինքը հարգում է այն, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Այն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից ԵՏՄ բոլոր անդամների՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի վավերացումից հետո:

«Հուսով ենք, որ նախագահները, հաշվի առնելով վերջին ժամանակների հանդիպումները, կստանձնեն հակամարտության կարգավորման վերաբերյալ պարտավորությունները»,- ասել է Ուորլիքը:

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Ելիսեյան պալատում: Հանդիպման նպատակն է օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո երկխոսության վերականգնումը: Բացի այդ, Օլանդը նաև առանձնազրույցներ կունենա երկու երկրի ղեկավարների հետ։

Ուորլիքի խոսքով, ամռանը շփման գծում տեղի ունեցած իրադարձություններից հետո վիճակը կայունացել է, սակայն լարվածությունը պահպանվում է:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները: