Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտ երբևէ չի ստացել: Այս մասին հայտարարել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:
«Թույլտվություն չունեն, չվերթեր չեն կարող իրականացնել»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը:
Երկու օր առաջ` հոկտեմբերի 23-ին, Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ «Գրոզնի Ավիա»-ն մտադիր է նոյեմբերի 16-ից Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ կատարել:
Ըստ նրա, Ռուսաստանին միանալուց հետո սա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից իրականացվող երկրորդ միջազգային չվերթը: Ի տարբերություն դեպի Ստամբուլ հուլիսից գործող չարտերային չվերթի, Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ տոմս հնարավոր կլիներ ձեռք բերել ամրագրման ցանկացած համակարգով:
Ցուրկինի խոսքով, հոկտեմբերի 23-ից նոր ուղղությամբ տոմսերն արդեն վաճառքում են: Ըստ նախարարի, ինքնաթիռները կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, Սիմֆերոպոլից թռիչքը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 09:00-ին: Թռիչքի տևողությունը 1 ժամ 45 րոպե է:
Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրեցին Ղրիմ թռիչքներն ընթացիկ տարվա մարտին, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին:
Սեպտեմբերի վերջում Ցուրկինը հայտարարել էր, որ Սիմֆերոպոլ-Երևան առաջին չվերթը կգործի հոկտեմբերի 10-ից: Մեկնաբանելով թուրքական ուղղությունից հրաժարվելու մասին լուրերը՝ Ցուրկինն ասել է, որ թռիչքները, հնարավոր է, դադարեցվել են մի քանի օրով՝ պայմանավորված Թուրքիայում ազգային տոների հետ: Այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից թռիչքներ են իրականացվում դեպի Գռոզնի, Բելգորոդ, Դոնի Ռոստով:
Նախկինում Սիմֆերոպոլից Երևան թռիչքներն իրականացնում էր ուկրաինական ՄԱԿ ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ: Ղրմից միջազգային թռիչքները վերսկսվեցին հուլիսի 19-ին: