28 հոկտեմբերի 2014 - 16:18 AMT
Օլանդը բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը. Ալիևը խոստացել է զբաղվել Յունուսի գործով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը:

France Рress-ին հղումով ադրբեջանական Haqqin.az-ը գրում է, որ Փարիզում երկկողմ հանդիպման ընթացքում Օլանդն Ալիևին հիշեցրել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին, որը հուլիսի վերջին ձերբակալվել էր Հայաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով:

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե կզբաղվի Յունուսի գործով:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պետք է չորս մարդու իրավունքների պաշտպանի ազատ արձակելու կոչ անի, որոնք անարդարացիորեն ձերբակալվել են Ադրբեջանում: Այս 4-ից բացի Ադրբեջանում տասնյակ քաղբանտարկյալներ կան:

4 ակտիվիստները՝ Լեյլա և Արիֆ Յունուսները, Ինթիգամ Ալիևը և Ռասուլ Ջաֆարովը, ըստ HRW հաղորդագրության, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ականավոր ներկայացուցիչներ են, որոնք մի քանի տասնյակ այլ իրավապաշտպանների, լրագրողների, ընդդիմադիրների և բլոգերների հետ այժմ բանտերում են` զուտ այն պատճառով, որ ընդդիմացել են Ադրբեջանի իշխանություններին` պաշտպանելով սովորական քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները:

HRW-ի Փարիզի գրասենյակի ղեկավար Ժան-Մարի Ֆարդուն մասնավորապես նշել է, որ Ֆրանսիայի նախագահը Ալիևի ներկայությամբ Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի մասին խոսելու բացառիկ հնարավորություն ունի:

«Ձերբակալվածների դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական նկատառումներով են, ուստի Օլանդի աջակցությունը էական նշանակություն ունի նրանց ազատ արձակելու համար: Օլանդը պետք է հստակեցնի Ալիևի համար, որ Ֆրանսիայի հարաբերությունները Ադրբեջանի հետ չեն կարող գործնական բնույթ կրել, քանի դեռ այդ չորս մարդը շարունակում է մնալ ճաղերի հետևում»,- նշել է նա:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: