28 հոկտեմբերի 2014 - 16:48 AMT
«Ցեղասպանության որբերը» ֆիլմը ներկայացվել է «Էմմի»-ի տարածաշրջանային մրցանակաբաշխությանը

Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» ֆիլմը Հեռուստատեսային արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի կողմից նոմինացվել է 2014-ի Սանքոսթ տարածաշրջանի «Էմմի» մրցանակաբաշխության վավերագրական-պատմական ֆիլմերի անվանակարգում:

Սա 38-րդ ամենամյա Սանքոսթ «Էմմի» մրցանակաբաշխությունն է, որում տարածաշրջանային «Էմմի» մրցանակի համար 3 տարի առաջ նոմինացվել էր նաև «Ցեղասպանության որբերը» ֆիլմի 7-րոպեանոց տարբերակը:

«Ցեղասպանության որբերը» պատմական արխիվները շաղկապում է հայ որբերի հիշողությունների ու հարցազրույցների հետ` ստեղծելով Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց: Նախկինում երբեք չցուցադրված արխիվային տեսանյութերով ու նախորդ դարի առաջին, լիովին վավերագրված, բայց թերի ճանաչված 1915-ի ցեղասպանությունն ապրած հայ որբերի հիշողությունների ուղեկցությամբ հուզական ճամփորդությունը «Ցեղասպանության որբերում» զուգորդվում է այնպիսի նշանավոր գիտնականների ու քաղաքական գործիչների հետ հարցազրույցներով, ինչպիսիք են բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, Քլարքի համալսարանի պրոֆեսոր Դեբորա Դուորքը, ամերիկահայ դոկտոր Ջեք Կևորկյանը:

Նախորդ 2 տարիների ընթացքում «Ցեղասպանության որբերը» ցուցադրվել է PBS հեռուստաալիքով` ունենալով ավելի քան 12 մլն հանդիսատես: Այն արդեն իսկ մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Միջին Արևելքում ու Հվ. Ամերիկայում` արժանանալով տասնյակ մրցանակների:

Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»: