29 հոկտեմբերի 2014 - 16:27 AMT
Հայկական հարցը Թուրքիայի ամենակարևոր խնդիրը չէ. Մահչուփյանն իր նշանակումն անակնկալ չի համարում

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում ազգությամբ հայ գրող, լրագրող Էթյեն Մահչուփյանի նշանակումն անակնկալ էր բոլորի համար, սակայն վերջինս պնդում է, որ առաջարկն ընդունել-չընդունելու հարցում ամենևին կասկածներ չի ունեցել:

«Ում էլ որ արվեր այդ առաջարկը, չէր մերժելու»,-ասել է նա:

Tert.am-ը Al Jazeera-ին հղումով գրում է, որ պատասխանելով հարցին, թե արդյոք նշանակումը կապ ունի 1915-ի դեպքերի 100-ամյակի ու հայկական հարցի հետ, Մահչուփյանն ասել է.

«Եթե մի քուրդ ընտրվեր, քրդական հարցին, բնականաբար, ազդելու էր, ալևի եթե ընտրվեր, ազդեցությունն ունենալու էր: Ես էլ, անշուշտ, հայկական հարցի կարգավորման մեջ իմ ներդրումը կունենամ: Սակայն հայկական հարցը Թուրքիայի ամենակարևոր խնդիրը չէ:Այս պահին այն երկրի օրակարգի մեջտեղներում տեղ գտած հարց է: Բացի այդ, ես այստեղ հայ համայնքը ներկայացնելու լիազորություններ չունեմ: Այստեղ հիմնական դերակատարը հայ համայնքն է, հայկական սփյուռքը»,-ասել է նա:

Նա նշել է, թե միայնակ է և երբեք էլ համայնքին շատ մոտ չի եղել, սրանից հետո էլ մտադիր չէ լինել: «Սակայն, անշուշտ, պատմական առումով էլ խորհրդանշական նշանակություն ունի»,-ասել է նա:

Ըստ Մահչուփյանի, որն ընդգրկված էր եղել նաև քրդական հարցը լուծելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովում, քրդերի համար էլ, այլոց համար էլ Թուրքիայի ներկայիս կառավարությունից լավը լինել չի կարող: Նա հայտարարել է, թե այս կառավարությունից լավը Թուրքիայում բնակվող քրդերն ու մյուսները գտնել չեն կարող: Այս կառավարությունը պատրաստ է լուծել քրդական հարցը:

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Էթյեն Մահչուփյանն առաջին ոչ մահմեդականն է, որ նշանակվել է այս պաշտոնին: Նա ծնվել է 1950-ին Ստամբուլում: Բարձրագույն կրթությունը ստացել է Բողազիչի համալսրարանի քիմիայի ֆակլուտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում: 1980-1996 թվականներին զբաղվել է գործարարությամբ` ղեկավարելով մի շարք մասնավոր կազմակերպություններ:

Ավելի վաղ Մահչուփյանը մեկնաբանել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում իր նշանակվելը` ասելով, որ անձամբ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուից է ստացել առաջարկը: Մահչուփյանը հերքել է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե ինքը ազգային փոքրամասնություններին, հայերին առնչվող հարցերի ուղղությամբ է խորհրդականի գործառույթներ իրականացնելու, քանի որ վարչապետի հետ չեն խոսել այդ մասին:

«Հայկական հարցի մասին ընդհանրապես խոսք չի գնացել: Կոնկրետ որևէ հարցի վրա կանգ չենք առել: Չէ՞ որ այսօր շատ աննշան երևացող մի հարցը վաղը կարող է հանկարծ համապետական խնդրի վերածվել»,- նշել է Մահչուփյանը` հավելելով, որ հանդիպումը Դավութօղլուի հետ շատ դրական է եղել: Նրանք միմյանց ճանաչում են երկար տարիներ: Կատարվելիք աշխատանքի բովանդակության մասին զրուցելու կարիք նույնիսկ չեն զգացել: Ըստ նրա` ստացված առաջարկն անհնար էր մերժել:

Ինքը Ահմեթ Դավութօղլուն անդրադառնալով նշանակմանը, շեշտել է, որ Մահչուփյանին նման պաշտոնի նշանակելն ամենևին կապ չունի նրա հայկական ինքնության, հայ լինելու հետ:

«Իսկապես մտավորական մարդ է` օժտված իսկական խղճով»,- ասել է Դավութօղլուն` հավելելով, որ նմանատիպ քայլերը պետք է դիտել երկրի «վերանորոգման գործընթացի» համատեքստում:

Թուրքիայում բնակվող ադրբեջանցիներն արդեն բողոքել ենՄահչուփյանի նշանակման դեմ` նշելով, որ «ի սրտե ցանկանում են, որ հայազգի խորհրդականի նշանակմանը զուգահեռ գլխավոր խորհրդական նշանակվի նաև թուրքաբնակ ադրբեջանցի»: Նրանք անհանգստություն են հայտնել հատկապեսԷթյեն Մահչուփյանի` Խոջալուի դեպքերի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ: