Կենտրոնական բանկում հոկտեմբերի 29-ին մտադրությունների վերաբերյալ հուշագրեր են ստորագրել:
Մասնավորապես, ԿԲ և «Թեքնոսերտ» ընկերության միջև ստորագրվել է Հայաստանում թանկարժեք մետաղների (հիմնականում ոսկու և արծաթի) զտարկման (աֆինաժի) գործարանի ստեղծման վերաբերյալ «Մտադրությունների մասին» հուշագիր: Գործարանի գործունեության հիմնական նպատակը կլինի 999.9 հարգի բանկային ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը և վաճառքը ՀՀ-ում ու միջազգային շուկայում՝ մեր երկրում արդյունահանվող ոսկու և արծաթի հանքանյութի (խտանյութի) մշակումով: Գործարանի ստեղծմանն ու հետագա կառավարմանը պետք է ներգրավվեն տվյալ ոլորտում միջազգային փորձ և հեղինակություն ունեցող ընկերություններ:
Բացի այդ, «Արմսվիսսբանկ»-ի և «Մենեջմենթ միքս» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է «Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերություն հիմնադրելու վերաբերյալ» տադրությունների մասին հուշագիրը:
Ընկերության հիմնական առաքելությունը ներդրողներին ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առևտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու, այդպիսի ներդրումները կառավարելու և հետագայում դրանց օտարումը կազմակերպելու գործում համալիր ծառայությունների մատուցումն է լինելու:
Նորաստեղծ ընկերությունը կնպաստի շուկայում նոր մշակույթի ձևավորմանը, այն է՝ մասնավոր ակտիվների կառավարումը, որն իր մեջ կամփոփի ընկերությունների կորպորատիվ կառավարման, բիզնեսի զարգացման, մրցունակության բարձրացման, նոր շուկաների ստեղծման տարրեր:
Ստորագրված փաստաթղթերի հիման վրա ստեղծվելիք ընկերությունները մեծ դեր կխաղան Հայաստանի տնտեսության զարգացման, օտարերկրյա և մասնավոր ներդրումների խթանման գործում, նշել են մասնակցիները:
Թանկարժեք մետաղների զտարկման գործարանի գործարկումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնելու ՀՀ-ում ոսկու արդյունահանման և զտարկման ծառայությունների արդյունավետությունը: Նախաձեռնությունն կարևորվում է՝ հատկապես հաշվի առնելով ոսկու ներդրումային նշանակությունը որպես կարևոր պահուստային գործիք և ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման միջոց:
Մասնավոր ներդրումային ֆոնդի հիմնադիրների հավաստմամբ, կարևորվելու են նորարարություններ և know-how տեխնոլոգիաներ պարունակող ներդրումային ծրագրերը: Այս նախաձեռնությունը միջազգային ֆինանսական միջոցներ կներգրավի, քանի որ առկա ներդրումային ֆոնդերը ձևավորվել են արտերկրյա մասնավոր ներդրողների և միջազգային ֆինանսական ընկերությունների միջոցներով:
Արարողությանը մասնակցել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, շվեցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, «Արմսվիսսբանկի» և «Թեքնոսերտ» ընկերության խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի դեսպան Ժան Մակարոնը և այլք:
ՀՀ կառավարության 27.02.2014թ. թիվ 231-Ա որոշմամբ Հայաստանում ստեղծվել է ոսկերչական ազատ տնտեսական գոտի: Կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: Այստեղ գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտներում՝ 10 տարի ժամկետով: Ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկի, ԱԱՀ-ի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից, իսկ պետական մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով: