16 հունիսի 2006 - 14:43 AMT
Վրաստանը դեմ չէ Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացմանը Բաթումում
Վրաստանը դեմ չէ Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացմանը Բաթումում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, տվյալ դեպքում բոլորովին պարտադիր չէ, որ Վրաստանն էլ Գլխավոր հյուպատոսություն բացի Հայաստանում: «Դիվանագիտական պրակտիկայում կան դեպքեր, երբ հյուպատոսությունները բացվում են միակողմանի կարգով: Երկար ժամանակ Վրաստանում գործում էր Թուրքիայի Գլխավոր հյուպատոսությունը, եւ հետո միայն բացվեցին Վրաստանի հյուպատոսությունները Ստամբուլում եւ Տրաբզոնում: Վրաստանը բաց երկիր է եւ մենք միշտ ընդառաջ ենք գնում այլ երկրների ցանկություններին, հատկապես, եթե դա վերաբերում է Հայաստանին»,-ընդգծել է Ռեվազ Գաչեչիլաձեն: