30 հոկտեմբերի 2014 - 15:45 AMT
Մինչև 2016-ն Արցախի տարածքն ամբողջությամբ կականազերծվի

Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը:

2000 թվականից մինչ օրս ականազերծման աշխատանքներ է իրականացվել 251 հողատարածքում, արդյունքում 27000 հա տարածք պիտանի է դարձել գյուղատնտեսական աշխատանքների համար, հայտնում է «Առավոտը» գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդի վրա հղումով, որն այդ մասին խոսում է «Ղարաբաղ. Խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում:

«Հրադադարին հաջորդած առաջին տարիներին ականների պայթյունների պատճառով տարեկան զոհվում էին 35-40 հոգի, 95 թվականից մահվան ելքով 345 դեպք է գրանցվել, որոնց 1/3-ը երեխաներ են: Այժմ տարեկան կտրվածքով ընդամենը 5 դեպք է գրանցվում, ինչը մեզ համար նույնպես մեծ թիվ է: Այս ծրագրի շահառու է հանդիսանում 125000 մարդ: Այս պահի դրությամբ, ըստ գնահատումների, չմաքրված է մնում ընդհանուր ականապատված տարածքների միայն 5%-ը: Սրանք լեռնային կամ անտառապատ տարածքներն են, որոնց մաքրումը մեծ ջանքեր է պահանջում, սակայն, կարծում եմ, որ մեր գործընկեր Halo Trust-ին տրամադրած 5 միլիոն դոլարի դրամաշնորհի շրջանակներում 2016 թվականի դրությամբ ողջ տարածքը ամբողջովին զերծ կլինի ականներից»,- հայտարարել է Հիլիարդը:

Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին տարածաշրջանի զգալի տարածքներ ականապատվեցին: Ընդհանուր առմամբ ականապատ տարածքների մակերեսը կազմում էր 50 քկմ: Պատերազմական տարիներին լայնորեն օգտագործվել են հակատանկային ականներ, որոնք տեղադրվել են այդ թվում նաև ճանապարհներին ու դրանց եզրերին՝ տրանսպորտի ոչնչացման համար: Չպայթած ականները բազում զոհերի, վիրավորների ու ավերածությունների պատճառ են եղել նաև պատերազմից հետո: Ականապատվել էին նաև ԼՂ բերքատու տարածքներից շատերը, որի հետևանքով բնակչությունը չէր կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ականների պայթյունների հետևանքով շատ անգամ տրակտորներ ու այլ գյուղտեխնիկա է շարքից դուրս եկել:

Halo Trust-ը Ղարաբաղում վնասազերծել է մոտ 67 000 ական: