17 հունիսի 2006 - 14:33 AMT
Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հարցը
Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրավիճակը եւ կշարունակի քննարկումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Միսկում կայանալիք հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, որոշակի հույս կա հակամարտության խաղաղ կարգավորման առումով, սակայն դեռ հարցեր են պահպանվում, որոնց շուրջ խոսակցությունը կշարունակվի Վլադիմիր Պուտինի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Լավրովը հիշեցրեց, որ ռուս եւ հայ նախագահները կմասնակցեն Մինսկում հաջորդ շաբաթ կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Ռուսաստանը` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից, ջանում է աջակցել կողմերի միջեւ համաձայնության հասնելու համար, սակայն կարգավորումը կարող է լինել միայն երկու կողմերի համար ընդունելի հիմքի վրա, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: