3 նոյեմբերի 2014 - 15:27 AMT
Ֆրանսիական համալսարանի ուսանողները գործնական դասընթաց են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի բաժնի 40 ուսանողի: Նրանք հանդիպել են ընկերության մասնագետների հետ և գործնական դասընթաց անցել` ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ԵՍ» սակագնային պլանի մեջ փոփոխություններ կատարելու իրենց տարբերակները: Դրանց վերաբերյալ մեկնաբանություններն ուսանողները ստացել են ընկերության ղեկավարներից և մարքեթինգի մասնագետներից, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հյուրերը լսել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը: Ընկերության գլխավոր տնօրենը նրանց հետ կիսվել է իր հաջողության պատմությամբ և ներկայացրել է արդյունավետ ղեկավարման իր պատկերացումները: Ուսանողները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության տարածքով և ծանոթացել կոմուտացիոն կենտրոնի, զանգերի կենտրոնի և սպասարկման կենտրոնի աշխատանքներին:

«Կարևոր է երկար տարիների գործունեության ահռելի փորձով և գործնական հմտություններով երիտասարդ սերնդի հետ կիսվելը, ուսանողներին արտահայտվելու հնարավորություն տալը, ինչպես նաև մասնագիտական և, ինչու ոչ` կենսական այլ հարցեր քննարկելը: Դա, նրանց կուղղորդի ամբողջ կյանքի ընթացքում: Երիտասարդ տարիքում բոլորի կյանքում լինում են պահեր, երբ ավելի փորձառու անձանց խորհրդատվության և աջակցության կարիք է լինում: Փորձի փոխանակումը կոչված է լրացնելու այդ բացը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: