4 նոյեմբերի 2014 - 15:02 AMT
Բարեկեցության վարկանիշ. Հայաստանն աշխարհում 95-րդն է

Legatum Institute-ը հրապարակել է 2014 թվականի աշխարհի 142 երկրի բարեկեցության վարկանիշը՝ Prosperity Index-ը: Հայաստանն այս ցանկում 95-րդն է. այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է Ադրբեջանին (79), Վրաստանին (80) ու Թուրքիային (86): Իրանը 107-րդ հորիզոնականում է:

Հայաստանի Հանրապետությունն իր լավագույն ցուցանիշները գրանցել է կրթության ոլորտում`49-րդ տեղ, սակայն անգամ այստեղ է նախորդ տարվա համեմատ հետընթաց գրանցվել. 2013-ին ՀՀ-ն կրթության ոլորտով աշխարհում 42-րդ տեղում էր, 2012-ին՝ 44:

Անդրադառնալով վարկանիշային աղյուսակին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ուրախալի է, որ Հայաստանի բոլոր ցուցանիշների շարքում առաջնային է մնում կրթության ոլորտի ցուցանիշը, որով մեր երկիրը դասվել է 49-րդը աշխարհում՝ առաջ անցնելով բոլոր հարևաններից:

Եվս մեկ ապացույց, որ մեր երկրի բացառիկ մրցակցային առավելությունը մարդկային կապիտալն է, այն ներուժը, որ ունեն մեր երիտասարդներն ու երեխաները, այն պոտենցիալը, որ բացահայտում և զարգացնում ենք»:

Հայաստանն առաջընթաց է գրանցել անվտանգության ոլորտում՝ նախորդ տարվա 65-րդի փոխարեն հայտնվելով 56-րդ տեղում: Ձեռնարակատիրության ու հնարավորությունների առումով մեկ տարվա ընթացքում ևս իրավիճակը բարելավվել է՝ 75-ից տեղափոխվելով 65-րդ հորիզոնական: Սակայն տնտեսության ցուցանիշը նվազել է միանգամից 13 կետով՝ 116-ից դառնալով 129: Առողջապահության ցուցանիշը պահպանվել է՝ 87-րդ հորիզոնական: Անձնական ազատության ցուցանիշն էլ է նվազել՝ ցանկում մեկ տարվա ընթացքում 117-ից իջնելով 123-րդ տեղ:

Ցուցակի առաջատարը Նորվեգիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, Նոլ Զելանդիան: Տասնյակում են նաև Դանիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն: Ցուցակը եզրափակում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը:

Ռուսաստանը 68-րդն է ցուցակում: Հետխորհրդային երկրներից ամենալավ ցուցանիշն ունեն համապատասխանաբար 42-րդ և 44-րդ տեղերում հայտնված Լիտվան և Լատվիան: Բելառուսը 58-րդն է, Ուկրաինան՝ 63-րդը, Ղազախստանը 55-րդն է: Խոշոր զարգացող երկրների թվում առաջատար են Բրազիլիան (49), Չինաստանը (54), Մեքսիկան (64), Ինդոնեզիան (71), Թուրքիան (86), Հնդկաստանը (102):

Վարկանիշը ներառում է աշխարհի բնակչության 96%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 99%-ը: Legatum Institute-ի ցուցակը կազմվում է ըստ ութ կատեգորիաների՝ տնտեսություն, կրթություն, առողջապահություն, անձնական ազատություն, անվտանգություն, ձեռնարկատիրության հնարավորություններ, կառավարում և սոցիալական կապիտալ: