Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019-ին, հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:
Նրա խոսքով՝ այս պահին «Հյուսիս–Հարավ» միջանցքի շինարարությունն իրականացվում է երկու ուղղությամբ՝ Արտաշատ-Աշտարակ և Աշտարակ-Թալին:
Առաքելյանը նշեց, որ նախարարությունը զուգահեռաբար նախատեսում է ներդրումային ռեսուրսներ ներգրավելու միջոցով ծրագրեր իրականացնել առանձին հատվածներում՝ մինչև 2019թ.-ը ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային ուղղություններով շինարարական աշխատանքներն ավարտելու համար:, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:
«Եզրափակիչ փուլում է գտնվում բանակցությունների գործընթացը Զարգացման եվրասիական բանկի հետ, որը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել հարավային ուղղության աշխատանքները», - ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով՝ արդեն կա ճանապարհի հարավային ուղղության շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումը, և մինչև 2014թ.-ի ավարտը նախատեսվում է վարկային համաձայնագիր ստորագրել և սկսել աշխատանքները:
Փոխնախարարը նշեց, որ շինարարությունը սկսելու են Իրանի սահմանից, իսկ ճանապարհի երկարությունը կորոշվի հաշվարկներից հետո:
Ինչ վերաբերում է ավտոճանապարհին գործող արագության ռեժիմներին, ապա փոխնախարարի խոսքով, կլինի բարձր արագության մայրուղի՝ 100-110 կմ/ժ արագությամբ:
Նա նշեց, որ Հայաստանի մյուս միջպետական մայրուղիներում արագության սահմանափակումը կազմում է 90 կմ/ժ, և կախված անվտանգության միջոցներից՝ որոշ հատվածներում գործում են արագության ավելի լուրջ սահմանափակումներ:
Հայաստանի 2015թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության ծախսերը նախատեսված են 5 մլրդ 550 մլն դրամի չափով:
2014-ի հուլիսին ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը որոշոմ կայացրեց Հայաստանի Հանրապետությանը 150 մլն դոլար ներդրումային վարկ տրամադրելու մասին, որն ուղղվելու է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը:
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ:
Ծրագրի իրականացման համար պայմնագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները:
Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը և դյուրինացումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումը և արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն:
Ենթադրվում է, որ Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությանը համաֆինանսավորման կարգով մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը՝ 500 մլն դոլար վարկի չափով: Հայկական կողմը ևս 60 մլն եվրո է ստացել նախագծի համար Եվրոպական ներդրումային բանկից: