4 նոյեմբերի 2014 - 17:21 AMT
Ստամբուլում 1915-ին նվիրված համաժողով կանցկացվի. Հրավիրվելու է նաև ՀՀ նախագահը

Թուրքիայի մայր ընդդիմությունը` «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP), 2015-ի ապրիլին Ստամբուլում ծրագրել է անցկացնել 1915-ին նվիրված համաժողով, որին հրավիրված են լինելու հայտնի պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է 5 ամսում 3 միջազգային կոնֆերանս անցկացնել: Բացի պատմաբաններից մասնակցելու են նաև մի շարք ականավոր քաղաքական ու պետական գործիչների թոռներ, ինչպես օրինակ` Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազիմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլք:

Այս նախագծի մասին կառավարամետ CNNturk լրատվամիջոցին հղումով Ermenihaber-ը գրում է, որ այս մասին հայտնել է Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Մուստաֆա Բալբայը:

Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին, լսել, թե ինչ են պատմաբանները խոսում 1915-ի վերաբերյալ: Բալբայը նաև նշել է, որ իրենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ են հրավիրելու մասնակցել ապրիլյան համաժողովին:

Մուստաֆա Բալբայն իր տիրապետած տվյալներից ելնելով նշել է, թե աշխարհում 1915-ի վերաբերյալ հայկական տեսակետը պաշտպանող գրքերի թիվը չի անցնում 40.000-ից, մինչդեռ թուրքական տեսակետը պաշտպանվում է իբր ավելի քան 60.000 գրքով:

Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթում մի շարք հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյակի և Անկարայի դիրքորոշման մասին այս հարցում:

Էրդողանը հերթական անգամ հիշեցրել է 2005-ին արված արխիվներն ուսումնասիրելու առաջարկի մասին և հայտարարել է, թե թուրքերի «բարի մտադրությունները» հայերի հանդեպ անարձագանք մնացին:

«Մենք բացեցինք մեր արխիվները, մինչ օրս շուրջ մեկ միլիոն փաստաթուղթ է բացահայտվել: Եթե Հայաստանը ունի նման արխիվ, թող բացի: Ինչպես և ցանկացած երրորդ երկիր: Թող այնտեղ աշխատեն պատմանբանները, հնագետները, իրավաբաններն ու քաղաքագետները: Իսկ մենք քայլեր կկատարենք ըստ այդ հետազոտությունների արդյունքների»,-ասել է նա:

Անդրադառնալով Անկարայի քաղաքականությանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին՝ Էրդողանը հասկացրել է, որ Թուրքիան կշարունակի մերժողական քաղաքականությունը: «Հայաստանի հետ մեկ այլ ֆորմատում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը, ձեռք մեկնողը մենք ենք եղել: 2015 թվականին, այսինքն՝ 1915 թվականի դեպքերի հարյուրամյակին, մենք աշխարհին իրականությունը ներկայացնելու համար կշարունակենք ակտիվ ջանքեր գործադրել: Անկասկած այս հարցում ոչ թե հորինված, գաղափարախոսությանը գերի դարձած կամ էլ քաղաքական շահարկման առարկա դարձած պատմությունը, այլ իրական պատմությունն է հաղթելու: Հավատում ենք, որ այս հարցում Ֆրանսիան էլ կլինի ողջամիտ և իրական ճշմարտությանը սատար կկանգնի»,- ասել է Թուրքիայի նախագահը Փարիզում: