5 նոյեմբերի 2014 - 11:12 AMT
«Կուտակայինի» մասին նոր օրենքի սահմանադրականության հարցը կքննվի 2015-ի մարտին

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքն իր հարակից փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին ՀՀ ԱԺ պատգամավորների բողոքը Սահմանադրական դատարանը քննելու է հաջորդ տարի՝ 2015-ի մարտի 31-ին:

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ այն քննվելու է գրավոր ընթացակարգով:

Հոկտեմբերի 3-ին ԱԺ 34 պատգամավոր Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմումը, որով պատրաստումէ վիճարկել որոշ օրենքներ: Մասնավորապես` «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով սահամանադրությանը հակասելու վերաբերյալ դիմումը, ինչպես նաև` «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին՚» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև վիճարկվող ակտերի հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ (22.12.2010թ. ընդունված ՀՕ-246-Ն) օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները ՀՀ Սահմանադրությանը (մասնակի) հակասող և անվավեր ճանաչելու մասին:

Օգոստոսի 27-ին ԱԺ ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամները հանդիպել են, քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի՝ Նպատակային սոցիալական վճարի հակասահմանադրական ճանաչման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցով համապատասխան դիմում են պատրաստում: