7 նոյեմբերի 2014 - 16:20 AMT
Ադրբեջանցիները փորձել են խանգարել հայկական տաղավարի աշխատանքին World Travel Market ցուցահանդեսում

Նոյեմբերի 6-ին Լոնդոնում անցնում էր միջազգային զբոսաշրջային World Travel Market ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Արցախի պատվիրակությունը՝ ներկայացնելով ԼՂՀ զբոսաշրջային ներուժը բրիտանական շուկայում: Նյութեր բաժանելուց բացի, պատվիրակության անդամներն այցելուներին հրավիրել են գինիների, ուտեստների համտեսի, ինչը մեծաթիվ այցելուների է հետաքրքրել:

Ինչպես միշտ, այս անգամ ևս ադրբեջանական կողմը դիմել է արդեն ավանդական դարձած սադրանքների: Մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջանական դրոշները ուսերին գցած շրջապատել են Արցախի տաղավարը և փորձել են խանգարել պատվիրակության աշխատանքին՝ փակելով մուտքը: «Ցուցարարների» թվում էին Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: Հայաստանի և ԼՂՀ պատվիրակությունների ջանքերի շնորհիվ սադրանքը կասեցվեց, անվտանգության ծառայության աշխատակիցները դուրս բերեցին կարգը խախտող երիտասարդներին:

Ինչպես նշել է ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, որը գլխավորում էր պատվիրակությունը Լոնդոնի ցուցահանդեսում, ադրբեջանցիների այդ լկտի պահվածքը զբոսաշրջային ցուցահանդեսներում կապված է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական բանաձևի ձախողման հետ: Խոսքը «Գրավյալ տարածքներում զբոսաշրջության քարոզչության կասեցման մասին» բանաձևին է վերաբերում, որն Ադրբեջանը նախաձեռնեց ընթացիկ տարվա հոկտեմբերին: Վերոնշյալ կազմակերպության խորհրդի նիստում Ադրբեջանի առաջարկին կողմ չքվեարկեց ոչ մի երկիր: «Ադրբեջանական կողմի ակցիաները մեկ նպատակ ունեն՝ ֆիզիկապես անհնար դարձնել ԼՂՀ մասնակցությունը խոշոր միջազգային ցուցահանդեսներին, սակայն նրանց բոլոր ջանքերն ապարդյուն են»,-ասել է Շահվերդյանը, հայտնում է Armenia Today-ը:

Հայաստանն ու Արցախը մասնակցել են նոյեմբերի 3-6 Լոնդոնում կայացած World Travel Market ցուցահանդեսին: Հյուրերը ծանոթացել են Հայաստանի ու Արցախի քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող նյութերին անգլերեն լեզվով: Նման ցուցահանդեսներին մասնակցելու հիմնական նպատակը եվրոպական շուկայում ճամփորդությունների խթանումն է դեպի ՀՀ ու ԼՂՀ:

World Travel Market առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1980-ին: Ցուցահանդեսի կարգախոսն է՝ «WTM-ը նշանակում է բիզնես»: Ըստ մասնակիցների, WTM իդեալական հարթակ է նոր զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու և առաջ տանելու համար:

Ցուցահանդեսի գործարար մասը ներառում է համաժողով, ուղևորությունների տեխնոլոգիաներ, կլոր սեղան ճամփորդների համար բջջային հավելվածների հարցերի շուրջ:

Ցուցահանդեսի լսարանը զբոսաշրջային ոլորտի մասնագետներն են, ինչպես նաև ավիափոխադրողները, հյուրանոցների, սպորտային ու SPA-կենտրոնների աշխատակիցները, ծովային ուղևորությունների կազմակերպիչները, ինչպես նաև պետական կառույցների, ազգային արգելոցների ներկայացուցիչներ, ներդրողներ, անձնակազմի ընտրության և ուսուցման պատասխանատուներ, մասնագիտական միավորումներ:

2013-ին ցուցահանդեսը ռեկորդային թվով մասնակիցներ ու այցելուներ ունեցավ՝ մոտ 5 հազար մասնակից և 50 հազար հյուր:

2012-ին World Travel Market-ն ընդունեց գրեթե 5 հազար մասնակցի 184 երկրից, այցելուների թիվը մոտ 28 հազար էր:

Photo: Haqqin.az