10 նոյեմբերի 2014 - 14:13 AMT
«Աքբեզ. վերջին բերդը». Թուրք հեղինակի գիրքը Ցեղասպանության մասին

Թուրք գրող Աբդուլլահ Գազելն իր նոր «Աքբեզ. վերջին բերդը» վեպում պատմել է իր ծննդավայրից՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Աքբեզ գյուղից հայերին տեղահանելու պատմությունը: Պատմական տվյալներով հարուստ ստեղծագործության մեջ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած դեպքերին անդրադարձ է արվում և պատմվում է, թե ինչպես են դրանք անդրադարձել կոնկրետ մեկ գյուղի վրա:

«Անատոլիայի ամեն կողմում տարածված իմպերիալիստական կրակն իմ գյուղին էլ է հասել: Տեղահանումից առաջ՝ 1900-ական թվականների սկզբին, իմ գյուղում տեղի ունեցածներն ուսումնասիրել եմ: Այդ օրերի կենդանի վկաների՝ մեր գյուղի բնակիչների հետ եմ խոսել ու գրառումներ արել: Ցանկանում եմ պատմել տարիներ շարունակ չդադարող իմպերիալիստական խաղերի մասին»,- գրել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Հեղինակը մեկնաբանել է գրքի շապիկի լուսանկարը, որի ձախ կողմում կանգնած կինը նրա հորաքույրն է՝ Սուլթանը, իսկ նրա կողքին` հայրը՝ Քուշո Մեմեթը: Ոտքի կանգնած տղամարդը հորեղբայրն է՝ Ներսեսը, իսկ նրա մոտ կանգնած կինը նրա տիկինը՝ Սուլթանը:

«Հորեղբայրս ու նրա կինը հայեր են, քրիստոնյաներ, իսկ հայրս և հորաքույրս մուսուլման են: Այս տարօրինակ պատմության գլխավոր հերոսը պապս է՝ Հալիլ աղան, որը 1900-ականների սկզբին հայ կնոջ հետ է ամուսնացել: Այդ կինը նախորդ ամուսնությունից երկու որդի է ունեցել՝ Պետրոսն ու Ներսեսը: Այդ ժամանակ երեխա եղած հորեղբայրներս ապրել են պապիս տանը՝ պահպանելով իրենց կրոնը: Այսինքն քրիստոնյա և մուսուլման բոլոր բարեկամներս տարիներ շարունակ մեր տանն են ապրել»,- պատմել է Գազելը:

Նա նշել է, որ «թե՛ 1909-ին՝ Ադանայի դեպքերի ժամանակ, թե՛ 1915-ի հայերի տեղահանության ընթացքում գյուղում ոչինչ էլ տեղի չի ունեցել»:

«Գյուղի քրիստոնյա և մուսուլման բնակչությունը, միմյանց գրկելով, թույլ չի տվել, որ նման դեպքեր տեղի ունենան: Նրանք բաժանվել են, երբ ֆրանսիացիներն են եկել տարածաշրջան: Դրանից հետո հայերը սկսել են գաղթել: Ես տարիներ շարունակ իմ հայ ազգականներին փնտրեցի և, ի վերջո, Բեյրութում գտա նրանց: Դրանից հետո այս ցնցող պատմությունները ցանկացա ներկայացնել պատմական իրականության ենթատեքստում»,- ասել է նա։

Հեղինակը խոստացել է գրքից ստացված ամբողջ եկամուտը նվիրել դպրոցի նախակրթարանին:

Հայոց ցեղասպանությանն առնչվող հարյուրավոր գիտական ու փաստական աշխատություններ ու գրքեր են հրատարակվել աշխարհի տարբեր անկյուններում տարբեր ազգերի գիտնականների կողմից: Մի ամբողջ գրադարան կարող են կազմել գեղարվեստական գրականության անդրադարձները` տարբեր ժանրային իրացումներով: Վերջերս ևս մեկ թուրք հեղինակի Ցեղասպանությանը նվիրված գիրքը թարգմանվեց հայերեն: Գերմանաբնակ, ազգությամբ թուրք Էրդալ Շահինիի «1915 -ի դահճի փոխակերպում» Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի հայերեն տարբերակը հոկտեմբերի 9-ին ներկայացվեց լրագրողներին: Ինքը հեղինակը նշել է, որ հայերի պատմության դժբախտ էջի համար նաև իրեն է մեղավոր ճանաչում:

«2009-2010 թվականներին առիթ եմ ունեցել մասնակցելու բեռլինյան մի ժողովի, որտեղ հույները և հատկապես հայերը մոտենալով մեզ ասացին՝ դուք ձեզ վատ մի զգացեք, դուք մեղք չունեք, ձեր պապերն են արել: Ես ասացի՝ եթե ես համապատասխան կեցվածք չեմ ընդունում, կարծիք չեմ ասում, նշանակում է ես էլ եմ շարունակում ցեղասպանությունը, ես նրանցից կտարբերվեմ միայն այն դեպքում, եթե քայլ անեմ: Ես չեմ տարբերվի ոճրագործից, եթե լռեմ, գործով պետք է զանազանվեմ»,- ասել է նա։

Իսկ 2012-ին հրատարակված «Արսինե» վեպը, որը գրվել է 107-ամյա հայ կնոջ պատմած փաստերի հիման վրա, մի շարք կազմակերպությունների, միությունների կողմից առաջարկվել է որպես 2015 թվականին գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու: