11 նոյեմբերի 2014 - 15:29 AMT
Թուրքական Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքական Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Nouvelles d'Arménie-ին, կուսակցության համագումարում կուսակցության մամուլի քարտուղարը հայտարարել է. «Մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»:

Կանաչների համագումարը տեղի է ունեցել Ստամբուլում նոյեմբերի 7-9-ը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ քաղաքական պլանավորման գծով գլխավոր տնօրեն Ալթայ Չենգիզերը կոչ է արել երկրի իշխանություններին նախապատրաստվել այն իրողությանը, որ միջազգային հանրությունն աննախադեպ ճնշում կգործադրի Անկարայի հանդեպ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես վերադարձել եմ Վաշինգտոնից և տեսել եմ, թե ինչպես է հայ համայնքը պատրաստվում 100-ամյակին: Այդ արշավի նպատակն է վատաբանել ժամանակակից Թուրքիային, թույլ չտալ նրան հաղթահարել անցյալը: Այդ մեղադրանքներն ուղղված են մեր ազգային ինքնության դեմ»,-հայտարարել է դիվանագետը: Չենգիզերը նշել է, որ պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Ցեղասպանությունը քաղաքական հայեցակարգ է: Թուրքիան արժանի չէ, որ աշխարհում ընկալվի որպես ցեղասպան երկիր»,-ասել է նա:

Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագա քայլերը՝ անդրադառնալով նաև հայկական հարցին. «Մենք չենք ճանաչում ցեղասպանությունը, որի մեղքը փորձում են մեր պապերի ու մեր ժողովրդի վրա բարդել: Մենք դա միշտ ենք ասել»,-ասել է նա:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարեց. «2015 թվականը հատուկ նշանակություն ունի ամբողջ աշխարհի հայության համար:Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ամբողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915-ի Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ համարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, ելույթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կկոչեի Պատվո և Պատասխանատվության ամբիոն, բարձրաձայն ասում եմ. Շնորհակալություն Ուրուգվայ, Ֆրանսիա, Ռուսաստան: Շնորհակալություն Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա: Շնորհակալություն Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս: Շնորհակալություն Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան:

Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից: Շնորհակալություն ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք վստահորեն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում: Դա իսկապես խիստ կարևոր է, քանզի ժխտումը ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է»,- ասել է նախագահը:

Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ամբողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Սարգսյանը նշել է, որ փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները»,-ասել է նախագահը: