ԱՊՀ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարները պայմանավորվել են, որ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմն ու զինտեխնիկան Երևանում կմասնակցեն Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված համատեղ զորահանդեսին: Բանակցություններում քննարկվել են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոշվել են երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական գործակցության հեռանկաները, Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈւ միջև ինտեգրման գործընթացների հետագա զարգացման հեռանկարները:
Նախարարները քննարկել են ՌԴ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում հայկական ԶՈւ համար կադրերի նախապատրաստման կազմակերպմանն առնչվող հարցեր, որտեղ արդեն իսկ անհատույց սովորում է 244 հայ զինծառայող:
Բանակցությունների ավարտին հաստատվել է ՌԴ և ՀՀ ՊՆ միջև 2015 թ. Գործակցության ծրագիրը:
Կողմերը նաև ամփոփել են համատեղ միջոցառումների, օպերատիվ և մարտական պատրաստության, այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակում, արդյունքները, մասնավորապես, նշելով ՌԴ և ՀՀ ստորաբաժանումների մասնակցությունը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անկասելի եղբայրություն-2014» զորավարժություններին Ղազախստանի տարածքում: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարները նախարարների խորհրդի 67-րդ նիստում հիմք ստեղծեցին ռազմական գործընկերության միջազգային իրավական բազայի համար:
Ընդլայնվել է ՀՕՊ միավորված համակարգի գործնական բաղադրիչը՝ հաստատվել է 2015 թ. համատեղ միջոցառումների ծրագիրը, այդ թվում հաստատվել է, որ 2015-ի օգոստոս-սեպտեմբերին մարտական հրազենով «Մարտական գործակցություն-2015» համատեղ զորավարժություն կանցկացվի ՌԴ Աշուլուկ պոլիգոնում:
Մշակվել են համատեղ հումանիտար ականազերծման ինժեներային գումարտակի ստեղծման ասպեկտները, որոշումներ են կայացվել ԱՊՀ երկրների ռազմական մասնագետների կատարելագործման մասին:
Ընդհանուր առմամբ նիստում քննարկվել է մոտ 20 հարց:
«Մենք հաստատում ենք, որ շահագրգիռ ենք ընդհանուր, տարածաշրջանային ու ազգային շահերի հիման վրա պաշտպանական գործակցության զարգացման հարցում»,-ասել է Շոյգուն: