20 հունիսի 2006 - 18:57 AMT
Ռուսաստանը երբեք չի հերքել ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարում առկա խնդիրները
Ռուսաստանը երբեք չի հերքել ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարում առկա խնդիրները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: Նրա խոսքերով, Ռասիզմի ժամանակակից ձեւերի, ռասայական խտրականության եւ դրանց հետ կապված անհանդուրժողականության համատեքստում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դ. Դիենի հրավերը հանդիսանում է այս բնագավառում Ռուսաստանի համագործակցության պատրաստակամության ապացույցը:
«Անհրաժեշտ է նշել, որ Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ռուսական նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչները ոչ միայն նշում էին խնդիրների առկայության եւ դրանց դեմ պայքարի անհրաժեշտության մասին, այլեւ տեղեկացնում էին Հատուկ զեկուցողին այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվում են ռուսական իշխանությունների կողմից այդ ուղղությամբ»,- նշել է Կամինինը:
Նա նաեւ հաստատեց Դիենի կարծիքը այն առումով, որ ռասիզմի խնդիրն ունի ոչ միայն քաղաքական ու իրավական, այլեւ, որ քիչ կարեւոր չէ, նաեւ մշակութային ասպեկտ: «Ռուսաստանի Դաշնությունը բազմազգ պետություն է, եւ միջմշակութային երկխոսության զարգացումը, հանդուրժողականության խրախուսումը եղել է եւ մնում է մեր քաղաքականության գերակայություններից մեկը: Մենք Դ. Դիենից օբյեկտիվ եւ հավասարակշռված զեկույց ենք սպասում, ինչպես նաեւ ռեալ հանձնարարականներ, հույս ունենալով հետագայում եւս կառուցողական համագործակցություն ծավալել այս բնագավառում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: