12 նոյեմբերի 2014 - 14:59 AMT
Գերմանական Die Linke խմբակցության հարցումը ղարաբաղյան կարգավորման մեջ Բեռլինի դերի մասին անպատասխան է մնացել

Հոկտեմբերին գերմանական ձախակողմյան Die Linke խմբակցությունը Գերմանիայի դաշնային կառավարությունից մանրամասն զեկույց պահանջեց ղարաբաղյան կարգավորման և այն դերի մասին, որն ունի կամ կարող է ունենալ ԳԴՀ-ն այդ գործընթացում: Կառավարությանը հասցեագրված նամակում 40 հարց և ենթահարց կար ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Նոյեմբերի 6-ին «ձախակողմյանների» հարցմանը պատասխանել է Գերմանիայի ԱԳՆ-ն: Սեղմ պատասխանում ասվում է տարեսկզբից հակամարտության գոտում առկա լարվածության մասին: Մասնավորապես, նշվում է, որ շփման գծում դիմակայությունը գագաթնակետին հասավ հուլիսի վերջում օգոստոսի սկզբին, հետո նվազեց՝ հասնելով նախկին ցուցանիշին: Գործի դրվեցին հիմնականում դիպուկահարներն ու ինքնաձիգերը, ինչպես նաև այլ զենք:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կողմի կորուստները:

Փաստորեն գերմանական կառավարությունը ըստ էության չի պատասխանել խմբակցության հարցերից և ոչ մեկին և մանրամասն զեկույցի փոխարեն սահմանափակվել է հռետորական հայտարարությամբ:

Մինչդեռ, Die Linke-ի հարցման մեջ շեշտված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի բացառիկ դերը, այն հիմնավորելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ունեցած սերտ հարաբերություններով:

Խմբակցությունը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որը օգոստոսյան սահմանային լարվածության ժամանակ Ռուսաստանի նախագահի նախաձեռնության հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Գերմանացի ձախակողմյանները հետաքրքրվել են, թե արդյոք Դաշնային կառավարությունը սատարում է Մոսկվայի ջանքերը, քանզի ԳԴՀ-ն հանդիսանում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: