12 նոյեմբերի 2014 - 17:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը` Ցեղասպանության, ԼՂ հակամարտության ու ներդրումների մասին

Հայաստանը Ֆրանսիայի համար կարևոր երկիր է: Այս մասին նոյեմբեի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` հավելելով, որ գոհ է նշանակումից: Ինչ վերաբերում է երկու երկների հարաբերություններին, ապա դեսպանն ընդգծել է, թե Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լինելու է Հայաստանում»,- ասել է դեսպանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ըստ դեսպանի, Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ դրանք կարգավորվեն:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշել է, թե Ֆրանսիայի գործադիր իշխանությունը, առաջին հերթին` արդարադատության նախարարությունը, աշխատանքներ է տանում նոր օրինագծի մշակման ուղղությամբ, սակայն չի նշել կոնկրետ ժամկետներ, թե երբ օրինագիծը կմտնի խորհրդարան:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի՝ XX դարի ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ժխտողների համար քրեական պատիժ նախատեսող նոր օրինագիծն արդեն ուղարկվել է խորհրդարանի բոլոր կուսակցություններին: Թուրքական «Ջիհան» գործակալությանը Բուայեն ասել է, թե արդեն 40-ից ավելի պատգամավոր իրենց ստորագրությամբ հաստատել են նոր օրինագծին աջակցությունը, ու հուսով է, որ այն կհայտնվի խորհրդարանի օրակարգում:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի երկխոսությունը, դիվանագետի խոսքով, չի սահմանափակվում քաղաքականությամբ:

«Թեև Ֆրանսիան ՌԴ-ից հետո երկրորդ ներդրողն է ՀՀ-ում, սակայն տնտեսական հարաբերություններում գործակցությունը զիջում է քաղաքական ոլորտում գրանցված բարձր մակարդակին»,- նշել է ՀՀ-ում նորանշանակ դեսպանը, մեջբերում է «Այսօր» լրատվականը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ ներկայիս վիճակը չի կարող երկար շարունակվել:

«Ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ գտնեն երկուստեք ընդունելի լուծում, որը նաև կհամապատասխանի հակամարտող երկրների ժողովուրդների ցանկությանը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նոյեմբերի 11-ին հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի բարձր առաքելությունը նա լավագույնս կիրականացնի՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում և խորանում: Բազմաբնույթ և սերտ այդ հարաբերությունները, Հանրապետության Նախագահի խոսքով, դրսևորվում են երկու երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսությամբ, միջպետական ամուր կապերով, օրինակելի ապակենտրոնացված համագործակցությամբ, տնտեսական հարաբերությունների նկատելի աշխուժացմամբ, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում փոխգործակցությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է պահպանելու և ավելի զարգացնելու այդ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կանի առավելագույնը՝ արժանիորեն շարունակելու նախորդ դեսպանի աշխատանքը, որը ՀՀ նախագահը բարձր է գնահատում և նպաստելու հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել դինամիկ դարձնելուն, իսկ տնտեսական մեծ ներուժ և հեռանկար ունեցող համագործակցությունն ավելի ընդլայնելու, խորացնելու և հասցնելու այլ ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակին:

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր համար մեծ հպարտություն և պատիվ է համարել պաշտոնավարել մի երկրում, որն ունի հնագույն պատմություն, հարուստ հոգևոր-մշակութային ժառանգություն և դարավոր բարեկամական կապեր Ֆրանսիայի հետ: Նոյեմբերի 7-ին Հայաստանում Ֆրանսիական Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շաղպանտյեին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ ընդունել է նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռենոյի դիվանագիտական առաքելությունն ավարտվել է հոկտեմբերի 26-ին և նա լքել է Հայաստանը: Ռենոն նշել է, որ իհարկե, կարելի է միշտ ավելին անել, սակայն «ֆրանս–հայկական երկխոսությունն անհամեմատ ավելի խորացել է»: Դիվանագետը կարևորել է տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում իրագործված ծրագրերը:

ՖՈՏՈՇԱՐՔ