12 նոյեմբերի 2014 - 17:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Դ!եմ եմ»-ի ցույցը. Երիտասարդ դասախոսները ստիպված են հրաժարվել բուհերում աշխատանքից

«Դ!եմ եմ» շարժումը նոյեմբերի 12-ին ակցիա է անցկացրել ֆինանսների նախարարության և կառավարության շենքի մոտ` պահանջելով լուծում տալ համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդրին:

Ցուցարարները նշում էին, որ «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` պետական համակարգում աշխատող քաղաքացիները՝ առանց կամաարտահայտման հնարավորության, ընդգրկվել են կուտակային համակարգի մեջ։ Պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը տարածվել է նաև պետական և մասնավոր ոլորտներում համատեղությամբ աշխատողների վրա, և «Դ!եմ եմ» նախաձեռնության համոզմամբ՝ երիտասարդ դասախոսներից շատերը ստիպված են հրաժարվել բուհերի իրենց աշխատանքից:

Դասախոսները, ովքեր համատեղում են աշխատանքը պետական և ոչ պետական բուհերում, դիմել էին վարչապետին՝ մտահոգություն հայտնելով երկու աշխատավայրից սոցվճար իրականացնելու պարտավորության վերաբերյալ։ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 4-ին հանձնարարել էր ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել տվյալ հարցը և ներկայացնել համապատասխան իրավական ակտի հաստատման մասին առաջարկություն։ Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել էր փոփոխություններ կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում, ինչը թույլ կտա հայտ ներկայացնել այն մարդկանց սոցվճարների կատարումը մերժելու մասին, ովքեր համատեղության սկզբունքով աշխատում են նաև պետբուհերում, և պետական բուհը նրանց հիմնական գործատուն չէ։

Civilnet-ը գրում է, որ ակցիայի սկզբում ցուցարարները հավաքվել են ֆինանսների նախարարության դիմացի այգում, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը` արգելելով մոտենալ նախարարության շենքին և հանձնել նամակը: Ոստիկանները բռնի կերպով հեռացրել են փողոցը հատել փորձող բոլոր քաղաքացիներին: Իրավապահ մարմինների հիմնավորմամբ` ցուցարարների գործողությունները խոչընդոտելու էին նախարարության աշխատանքը:

Panorama.am-ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցներին ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ շենքին այն պատճառաբանությամբ, թե կխոչընդոտեն մարդկանց անցուդարձը:

Ավելի ուշ կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` ոստիկաններն են մոտենալու ֆինանսների նախարարության շենքին և տեղեկացնելու ցուցարարների` նամակ հանձնելու մտադրության մասին:

Որոշ ժամանակ նախարարությունից այդպես էլ չստանալով պատասխան` «Դ!եմ եմ»-ը, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվել է Կառավարության շենք: Այստեղ ցուցարարներն իրենց նամակն են հանձնել կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին` պահանջելով դրան գրավոր պատասխանել: «Դ!եմ եմ»-ը տեղեկացրել է նաև, որ նամակը ֆինանսների նախարարությանը կուղարկի փոստային տարբերակով:

«Դ!եմ եմ»-ը նշում է, որ եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել:

Համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդրով «Դ!եմ եմ»-ն ավելի վաղ դիմել էր բուհերի ղեկավարներին: Խնդրի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել նաև կրթության ոլորտի պաշտոնյաները:

ՖՈՏՈՇԱՐՔ