13 նոյեմբերի 2014 - 00:09 AMT
ՀՀ ԱԳՆ. Բաքուն կրում է իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտակայքում ադրբեջանական զինուժի խոցած ուղղաթիռի միջադեպը:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, ինչպես նաև Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

«Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթնաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)

Photo: Rostex