21 հունիսի 2006 - 14:39 AMT
Ռուսաստանում ծավալվող հակահայկական արշավը շատ փորձառու ձեռք է կազմակերպում
Հայաստանի լրագրողների միությունը չափազանց մտահոգված է Մոսկվայում հայերի սպանության եւ ծեծի հաճախակի դարձած դեպքերով: «Կատարվածը տարակուսանք է առաջացրել հասարակության լայն շրջանակներում, քանի որ մեր ժողովրդների միջեւ ավելի քան բարի հարաբերությունները եւ ռուս ժողովրդի ներկայացուցիչների հանդեպ հարգանքը մեր վաղեմի ավանդույթն է, որը խորը պատմական արմատներ ունի: Պատմական հիշողության կորուստը աղետ է ցանկացած ժողովրդի համար: Մենք հիշում ենք դա, եւ չենք մոռանում ոչ երկրաշարժի օրերին պարզված հավատարիմ ձեռքը, ոչ բարեկամական կապերը ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակով: Հատկապես ամուր են դրանք մտավորականության միջավայրում:

Բարեկամության երեք հարյուր տարիները, դիվանագիտական հարաբերությունները եւ փոխընկալումը դարձել են նաեւ այսօրվա քաղաքականության մշտական բաղկացուցիչը: Հայաստանում միշտ են ուժեղ եղել ռուսամետ տրամադրությունները: Եվ եթե այլ երկրներ օտարության էին մեկնում ծանր սրտով, ապա Ռուսաստան` մաքուր սրտով, ինչպես ծանոթ եւ հարազատ մի երկիր: Երբեք օտար չեն զգացել իրենց մեր երկրում ռուս ժողովրդի ներկայացուցիչները: Նրանցից շատերրը շարունակում են ապրել Հայաստանում:

Հայաստանը Ռուսաստանի համար միշտ եղել է հուսալի գործընկեր, այդպիսին է մնացել նաեւ մեր բարդ օրերում, երբ այնքան էլ հեշտ չէ հավատարիմ ընկեր գտնելը: Հետաքրքիր պատկեր է ստացվում` տպավորություն է ստեղծվում, որ հակահայկական արշավը շատ փորձառու ձեռք է կազմակերպում, որին ձեռնատու են լարվածությունը մեր երկրների միջեւ, հակահայկական եւ հակառուսական տրամադրությունների լարումը: Մենք դիմում ենք մտավորականությանը մի խնդրանքով` բարձրացնել ձեր ձայնը, թույլ չտալ հակահայկական տրամադրություններ բորբոքել,-ասվում է Հայաստանի լրագրողների միության ուղերձում, հաղորդում է «Ազգը»: