13 նոյեմբերի 2014 - 12:07 AMT
ՆԱՏՕ-ն, ԱՄՆ Պետդեպն ու ՀԱՊԿ-ը` ԼՂՀ ուղղաթիռի խոցման մասին

Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ` Ջեյմս Ապպաթուրայը, իր ֆեյսբուքայն էջում անհանգստություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբ:

«Ինչպիսին էլ որ լինեն միջադեպի հանգամանքները, երկու կողմն էլ պետք է պահպանեն հանգստություն ու շարունակեն դիվանագիտական հանգուցալուծումը»,- նշել է նա:

Դեպքի կապակցությամբ մտահոգություն է արտահայտել նաև պաշտոնական Վաշինգտոնը: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին հայտարարել է, որ այս միջադեպը «ևս մեկ հիշեցում է» տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և հրադադարը հարգելու անհրաժեշտության մասին: Փսաքին նախօրեին Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ «հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել»:

Հայտարարություն է տարածել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ այս վտանգավոր միջադեպը տարածաշրջանում կհանգեցնի իրավիճակի հետագա սրման: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Կոնֆլիկտի նոր էսկալացիայի վտանգ է առաջացել, և Հվ. Կովկասում իրավիճակը գնալով սրվում է:

«Խորապես համոզված ենք իրավիճակի սպառնացող զարգացման անթույլատրելիության մեջ: Դեպքերի նման շրջադարձը կանխելու համար ամենակարևորն ուժի կիրառումից հրաժարվելն է, հրադադարի մասին համաձայնագրերի խիստ պահպանումն ու սադրիչ գործողությունների բացառումը»,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան` կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների շարունակության ապահովումը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)