21 հունիսի 2006 - 14:52 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Անկարան պատրաստ է մասնակցել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին
«ԻԿԿ արտգործնախարարների Խորհրդի նիստի ավարտին կկայացվեն բազմաթիվ որոշումներ եւ կընդունվեն ծրագրեր, որոնցում լուրջ աջակցություն կհայտնվի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցի առումով»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Բացի այդ Ա.Գյուլը նշել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ինչն իր հերթին կարող է լուրջ պայմաններ ստեղծել Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի համագործակցության համար»: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավանություն է տվել բանակցությունները շարունակելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպմանը: «Թուրքիան հավանություն է տալիս օկուպացիայի դադարեցմանն ուղղված բանակցություններին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,-ասել է Ա.Գյուլը լրագրողներին: Նա Թուրքիայի պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու բանակցային գործընթացին, եթե դա դրական ազդեցություն կունենա բանակցությունների ընթացքի վրա:

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում այն միջոցներին, որոնք դյուրացնում են գործունեությունը հակամարտության կարգավորման ոլորտում: Թուրքիան պատրաստ է անել անհրաժեշտը, եթե դա որեւէ օգուտ կբերի հանդիպումներին, բանակցություներին»,-նշել է Ա.Գյուլը: