13 նոյեմբերի 2014 - 15:17 AMT
Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ է. Ադրբեջանը տեղանքը կրակի տակ է պահում

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է ԼՂ-ում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը՝ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։

Հանձնաժողովի դիմումում նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը, թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամի՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը։

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։

Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին վերահաստատել է, որ պատրաստ է իր` անկախ միջնորդի ծառայությունները առաջարկել` ստանալով համապատասխան պաշտոնական հայտերը հակամարտության կողմերից:

«Մենք հակամարտության կողմերի ղեկավարությունների հետ երկխոսության մեջ ենք»,- ասել է նա, հաղորդում է «Երկիրը»:

Միևնույն ժամանակ ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` նշելով, որ այս հանցավոր և արկածախնդիր սադրանքը ոչ միայն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում է, այլև ցուցադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարանքը:

«Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։

Տվյալ միջադեպը կրկին մատնանշում է անհրաժեշտությունն ակտիվացնելու ջանքերը՝ ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդման անհետաձգելի միջոցների և, նախ և առաջ, դրա խախտման հետաքննության գործուն մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը, որոնք բազմիցս առաջարկվել են հայկական կողմերից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը ստացել։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում»,- ասվում է հայտարարության տեքստում։

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)