13 նոյեմբերի 2014 - 15:52 AMT
Նախագահն ուղղաթիռով մեկնել է Արցախ. «Միասնություն-2014» զորավարժությունները շարունակվում են

ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները:

Շարունակվում են Հայաստանի զինված ուժերի (ներառյալ Պաշտպանության բանակը) օպերատիվ մարտավարական լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք մեկնարկել են 2014-ի նոյեմբերի 6-ին։ «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։

ԼՂՀ ՊԲ կողմից զորավարժություններին մասնակցում է շուրջ 30 000 զինծառայող, այդ թվում նաև պահուստային ռեզերվից, 1550 միավոր հրետանի, 600 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 300 միավոր, 106 միավոր հատուկ տեխնիկա, 1300 միավոր հակատանկային միջոց, մոտ 3000 ավտոմեքենա:Այսպիսով, ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է մոտ 47 000 մարդ, 2100 միավոր հրետանի, 850 միավոր զրահատեխնիկա, ՀՕՊ 450 միավոր, 260 միավոր հատուկ տեխնիկա, 1600 միավոր հակատանկային միջոցներ, մոտ 4200 ավտոմեքենա:

Ավելի վաղ Ադրբեջանը ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել: Այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության` ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խփված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:

«Լարվածության պահպանման հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով առանց այդ էլ լարված իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)