13 նոյեմբերի 2014 - 19:18 AMT
Ռոշբլաուն. Շփման գծում նոր բռնության պոռթկումն ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռի խոցման վերաբերյալ` դատապարտելով այն:

«Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը գործում է Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղություն ու երկխոսություն հաստատելու համար: Հետևաբար, մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Արձանագրում ենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս այն ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է»,-նշել է Ռոշբլուանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որը պատասխանատվություն է ստանձնել աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական լուծում գտնելու հարցում:

«Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իր պաշտոնակցի հետ միասին Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպմանը պարտավորվել էր միջոցներ ձեռնարկել տեղում լարվածությունը նվազեցնելու համար: Այս սադրանքը հողին է հավասարեցնում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ և կառուցողական վարքագիծ կորդեգրի փարիզյան հանդիպումից հետո: Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տրված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը դրանով ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում»,- եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Փարիզում Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Արդյունքներն ամփոփվել են նախագահներ Օլանդի, Սարգսյանի, Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համատեղ հանդիպմանը:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: